Hetq.am-ը գրում է.

Բաթումի գոհարը. այսպես են անվանում Վրաստանի ամենաբարձր շինությունը, ծովափնյա Բաթումի այն շքեղ բազմաֆունկցիոնալ երկնաքերը, որտեղ անշարժ գույք ունի ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստրը՝ նոտար Աննա Աբրահամյանը:

«Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի պաշտոնը զբաղեցնող 35-ամյա Աննա Աբրահամյանն անցյալ տարի է այդ գույքը ձեռք բերել: Այսինքն՝ իր նոտար նշանակվելուց հետո, իսկ նոտար նա նշանակվել է 2014-ի ապրիլին:

Համաձայն Վրաստանի Հանրային ռեեստրից մեր ձեռք բերած փաստաթղթի, Աննա Աբրահամյանն անշարժ գույքի նկատմամբ իր իրավունքը գրանցել է 2015թ. սեպտեմբերի 18-ին, երբ երկնաքերը դեռևս կառուցման փուլում էր:

Հիմա տեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում Աննա Աբրահամյանի անշարժ գույքը:

Համաձայն Վրաստանի Հանրային ռեեստրի փաստաթղթերի, Աննա Աբրահամյանի անշարժ գույքը գտնվում է ծովափնյա այգու տարածքում` Բաթում քաղաքի Ռուսթավելի փողոցի 4-6 հասցեում: Այդ հասցեում 2013թ.-ի հունիսից մեկնարկեց բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի՝ Porta Batumi Tower-ի կառուցումը: Վրաստանում ամենաբարձր՝ 43 հարկանի համալիրի առաջին 7 հարկերը զբաղեցնում են հյուրանոցը, խաղատունը, ռեստորանը, ստորգետնյա կայանատեղին  և տարաբնույթ բուտիկները: Աննա Աբրահամյանի բնակարանը երկնաքերի 14-րդ հարկում է: Բնակարանը զբաղեցնում է 85,5 քմ:

Բրիտանական ոճով և թուրքական ներդրումներով էլիտար այս շինությունը մեծ իրադարձություն էր Բաթումի համար: Վրաստանի վարչապետ Գ. Կվիրիկաշվին անձամբ վերահսկել և այս տարվա մարտին այցելել է եկրնաքեր, խոսել այստեղ արված թուրքական «System Construction» ընկերության շուրջ 70 մլն դոլար ներդրումների մասին:

Կադաստրից մեր վրացի գործընկերների միջոցով ձեռք բերած առք ու վաճառքի նախնական պայմանագրի համաձայն՝ գնորդ Աննա Աբրահամյանը այս բնակարանը գնել է 163 հազար դոլարով: Քառակուսի մետրն արժեցել է 1906 դոլար:

Մեկ քառակուսի մետրի արժեքը Porta Batumi Tower-ում սկսվում է 1440 դոլարից: Վաճառքով զբաղվող կազմակերպությաններկայացուցիչ Ալեքսեյը, «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ կապված հարկից, բնակարանի դիրքից և մի քանի այլ գործոններից, քառակուսի մետրի արժեքը տարբեր է: Օրինակ` 15-րդ հարկում 83-85 քմ բնակարաններն մեկ քառակուսի մետրի արժեքը տատանվում է 1700-2300 դոլարի սահմաններում:

Առաջատար մասնագետից` նոտար

Աննա Աբրահամյանի կենսագրության մեջ նշվում է, որ նա 1999 թվականից մինչև 2005 թվականը սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետում, 2008-2012թթ.` ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում:

2008 թվականից աշխատել է տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության համայնքային բյուջեների և ծրագրերի մոնիտորինգի բաժնում որպես առաջին կարգի մասնագետ: Մինչ 2014 թվականը աշխատել է նույն վարչության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնում, նույնպես որպես առաջատար մասնագետ:

2014թ. ապրիլի 29-ի, ԱՆ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամանով, Աննա Աբրահամյանը նշանակվել է «Արաբկիր» նոտարական տարածքի նոտարի պաշտոնում: 2015 թվականից մինչ օրս աշխատում է Երևան քաղաքի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար:

Թե որտեղից են գոյանում քաղծառայողի, այնուհետև մեկ տարի նոտարի պաշտոնն զբաղեցնող Աննա Աբրահամյանի նման չափի եկամուտները, հայտնի չէ:

ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից մեր ձեռք բերած տվյալներով, Աննա Աբրահամյանը 50% բաժնեմաս ունի Հայաստանում գրանցված «Արտ թամ» ՍՊԸ-ում: Ընկերությունը գործարկում է Երևան քաղաքի Արտաշատի խճուղի 103/1 հասցեում գործող գազալցակայանը: Նոտարի գործընկերը Արմավիրում գրանցված 79-ամյա Թամարիկ Իսահակյանն է:

Հայտնի է նաև, որ նրա ամուսինը՝ Վահան Մամիկոնյանն աշխատում է ՊԵԿ-ում’ Երեւան քաղաքի Շենգավիթի հարկային տեսչության պետն է:

Աննա Աբրահամյանի հետ առք ու վաճառքի հիմնական պայմանագիրը կնքվելու է շենքի շահագործումից հետո՝ 10 օրվա ընթացքում: Պայմանագիրը նախատեսում էր շենքը շահագործել 2016 թվականի հունիսի 15-ին: Porta Batumi Tower-ի բացումը ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է: Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, երկնաքերը ավարտուն տեսք կստանա մինչ այս տարվա վերջ:

Հիշեցնենք, որ 2015 թվականի մայիսին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Բաթում, հանդիպել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, շրջել են նույն զբոսայգում, որտեղ 4 ամիս հետո նրա դուստրը ձեռք է բերել թանկարժեք բնակարանը:

Նյութի պատրաստմանն աջակցել է Նինո Բաքրաձեն

Հովիկ Աբրահամյանի բիզնեսի մասին՝ տես այստեղ:

 

Նյութի աղբյուրը ` hetq.am

Comments

comments