Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանին է ներկայացրել զոհված կամ վիրավոր զինծառայողներին տրվելիք ապահովագրության վճարների կտրուկ ավելացման մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ստեղծել հիմնադրամ` այդ խնդիրները լուծելու համար: Ըստ նախագծի, յուրաքանչյուր աշխատող քաղաքացի հատուկ հիմնադրամին կփոխանցի ամսական հազար դրամ: Այդ հիմնադրամն էլ ֆինանսական աջակցություն կցուցաբերի զոհված կամ վիրավոր զինծառայողների ընտանիքներին: Նախատեսվում է կտրուկ ավելացնել ապահովագրական վճարները:

Սերժ Սարգսյանն այդ կապակցությամբ արել է ուշագրավ մի հայտարարություն: «Ես կարծում եմ, այո՛, հիմա եկել է այն ժամանակը, որ մենք ի վիճակի ենք մեր քաղաքացիների օգնությամբ կտրուկ բարելավել այս իրավիճակը», հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Ի՞նչ է տեղի ունեցել, որ իրավիճակը կտրուկ փոխվել է եւ առաջացել է բարելավելու հնարավորություն: Կարծես թե Հայաստանը չի ապրել տնտեսական բեկումնային վերելք, չի բարելավվել հասարակության կենսամակարդակը: Այսինքն, տնտեսական հնարավորությունները կարծես թե չեն ավելացել, ստեղծելով այդ հարցում կտրուկ փոփոխության հնարավորություն:

Ուրեմն ինչ «ժամանակի գալու» մասին է խոսում Սերժ Սարգսյանը: Արդյոք նախընտրական ժամանակի, հատկապես նկատի առնելով այն, որ փոփոխությունը նախատեսվում է կատարել 2017 թվականի հունվարի 28-ից, երբ կլրանա հայկական զինուժի ստեղծման 25-րդ տարեդարձը:

Թե՞ Սերժ Սարգսյանը «եկել է ժամանակն» ասելով, նկատի ունի այն, որ ապրիլի պատերազմից հետո հասարակությունը պատրաստակամ կլինի վճարել ամսական 1000-ական դրամ:

Իսկ արդյոք Սարգսյանը նկատի ունի ներիշխանական իրողությունները, որտեղ կարծես թե տեղի է ունենում ստատուս-քվոյի փոփոխություն, եւ չի բացառվում, որ վերջին ամիսների իրադարձությունների հանրագումարում ստեղծվել է վիճակ, երբ զոհված կամ վիրավոր զինծառայողների ընտանիքներին ցուցաբերվելիք սոցիալական օժանդակության հարցում հնարավոր է մեծ պահանջներ ներկայացնել մեծ ֆինանսական հնարավորություն ունեցող ներիշխանական սուբյեկտների:

Համենայն դեպս, ժամանակի «կտրուկ» փոփոխության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունն իսկապես հետաքրքիր է եւ բազմիմաստ:

Այդ ամենից վեր, կասկած չկա, որ Հայաստանում այդօրինակ հիմնադրամի ստեղծումը ոչ միայն անհրաժեշտ, այլ թերեւս տարիներ ուշացած քայլ է: Ավելին, այդօրինակ հիմնադրամի ստեղծումը պետք է լիներ հայկական պետականության առաջին տարիների առանցքային որոշումներից մեկը: Խոսքը թե կառույցի, թե դրա գործունեության սկզբունքի մասին է, երբ հիմնադրամի միջոցների գոյացմանը մասնակցում է ամբողջ հասարակությունը, այդպիսով պատասխանատվություն ստանձնելով այն մարդկանց եւ նրանց հարազատների առաջ, որոնք հասարակության եւ պետության անվտանգությանը տալիս են ամենաթանկը` իրենց կամ հարազատի կյանքը:

Դա կարեւոր ոչ միայն բարոյական, այլ նաեւ քաղաքական եւ քաղաքակրթական նշանակություն ունեցող արժեհամակարգային խնդիր է, նույնիսկ անկախ այն բանից, թե ինչքանով է կիրառվում ազգա-բանակ հայեցակարգը:

Դրանից բացի, Հայաստանում այդօրինակ կառույցի ստեղծման անհրաժեշտությունը թելադրված է նաեւ հանգամանքով, որ Աստված մի արասցե փոխհատուցման կարիքների դեպքում, զինծառայողը կամ նրա ընտանիքը չսպասեն, թե որ բարերարը կամ հանրային որ խումբը երբ եւ ինչպես կօգնի: Նրանք պետք է գիտենան, որ կա պետական կառույց, որի օգնությունը ոչ թե մեծահոգություն կամ բարեգործություն է, այլ պարտավորություն` պետական-հանրային պարտավորություն:

Դրանով գուցե զգալիորեն կբացառվեն նաեւ դեպքերը, որոնք հատկապես շատ եղան ապրիլի պատերազմից հետո, երբ որեւէ օդիոզ կերպար փորձում էր բարեգործության անվան տակ իրականում «ռեաբիլիտացվել» հանրության առաջ եւ զինծառայողին օժանդակությունը դարձնել սեփական PR:

Միեւնույն ժամանակ, կասկած չկա նաեւ, որ հանրային մասնակցությունը այդ հիմնադրամին պետք է լինի համամասնական: Այսինքն, շատ ունեցողը պետք է հիմնադրամի միջոցների գոյացմանը մասնակցի ավելի շատ, քան 1000-ական դրամը: Եվ դա չպետք է թողնված լինի կամավորության սկզբունքին: Օրինակ, 200 հազար դրամ աշխատավարձ ստացողն ու 200 միլիոն դրամ գույքի եւ ունեցվածքի հայտարարագիր ներկայացնողը չպետք է հիմնադրամի առաջ ունենան հավասար պարտավորություն: Նրանց պարտավորությունը պետք է համամասնական լինի ունեցվածքին:

Ըստ այդմ, հիմնադրամի մասին օրենքի նախագծում պետք է ամրագրվի գույքի, ունեցվածքի որոշակի չափ, որից բարձրի դեպքում պետք է սահմանվի զինծառայողների աջակցության հիմնադրամի առաջ ավելի բարձր ֆինանսական պարտավորություն: Իհարկե ավելի բարձր ողջախոհության շրջանակում, ոչ թե հարստահարման կամ կուլակաթափության: Բայց, դա պետք է լինի պարտավորություն, ոչ թե կամավորություն: Կամավոր կարող են հատկացնել պարտավորվածից ավելին, դրան ոչ միայն ոչ ոք չի լինի դեմ, այլ կլինի նաեւ ողջունելի:

Առավել եւս Հայաստանի պարագայում, երբ կա հարստացածների մի ահռելի խումբ, որոնց գույքը եւ ունեցվածքը` եւ ոչ միայն նրանց, այլ նաեւ կանանց եւ հարազատների, անցել է ողջախոհության բոլոր սահմանները:

Այդ մասով, օրինակ, ժամանակն իսկապես եկել է «կտրուկ» փոփոխություն անելու համար:

 

Նյութի աղբյուրը ` xosq.ru

Comments

comments