Սպանված 22-ամյա բժիշկ Լեւոն Սահակյանի հայրը՝ Տիգրան Սահակյանը, կարծում է, «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը կանխամտածված է սպանել որդուն:

Այս մասին երեկ մեր հարցին ի պատասխան ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանը: Լեւոն Սահակյանի հայրը գործով ներգրավվել է որպես իրավահաջորդ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի եւ Լեւոն Սահակյանի միջեւ վիճաբանությունը սկսվել էր Լեւոնի նշանածի աշխատավարձը չվճարելու պատճառով: Դպրոցի տնօրեն, «Վան» հեռուստաստուդիայի ղեկավար Վահան Ղազարյանը նրան հանդիպման է կանչել, որից հետո Լեւոն Սահակյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հիվանդանոցում պարզվել է, որ վնասվել են երիտասարդի թոքն ու սիրտը: «Արմենիա» բժշկական կենտրոնում նրան անմիջապես վիրահատել են: Երկու օր անց, սակայն Սահակյանը հիվանդանոցում մահացել է: Վահան Ղազարյանը չի ընդունում մեղադրանքը՝ պնդելով, որ Լեւոնին սպանելու դիտավորություն չի ունեցել:

Սույն թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին պատասխանել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Վարդուհի, տուժողի հայրը՝ Տիգրան Սահակյանը, քրեական գործի շրջանակներումհարցաքննվե՞լ է:

— Սկզբնական շրջանում հարցաքննվել է, սակայն դրանից հետո չի հարցաքննվել: Նրա հարցաքննության ժամանակ ես դեռ ներգրված չեմ եղել: Հետագայում կհարցաքննվի եւ ավելի մանրամասն ցուցմունք կտա դեպքի հետ կապված: Ինքը, բնականաբար, ականատես չի եղել, տեղեկացված է այնքանով, որքանով որ պատմել է Լեւոնի ընկերը կամ նրա նշանածը:

Դեպքից առաջ Լեւոն Սահակյանը հոր հետ խոսե՞լ է, տեղյակ պահե՞լ է, որ գնում էՎահան Ղազարյանի հետ հանդիպման:

— Հանդիպման մասին հայրը տեղյակ չի եղել: Դանակահարությունից անմիջապես հետո Լեւոնը զանգել է հորն ու ասել, որ վիրավոր է, քանի որ հայրն էլ մասնագիտությամբ բժիշկ է, ասել է՝ հասիր մոտակա հիվանդանոց, իսկ մոտական եղել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը: Լեւոնն ինքն էլ եղել է մեքենայի ղեկին, հիվանդանոցը շատ մոտ է եղել, հասել է, վիրահատել են, կատարվել են համապատասխան հետազոտությունները, դրանից հետո արդեն տեղյակ եք՝ ուշքի չգալով, հաջորդ օրը մահացել է:

Գործով մեղադրյալը չի ընդունում, որ Լեւոնին սպանելու դիտավորություն է ունեցել:Սրա հետ կապված իրավահաջորդն ի՞նչ դիրքորոշում ունի:

— Պարոն Սահակյանն ունի իր դիրքորոշումը, ցուցմունք կտա, որից հետո, եթե ցանկանա, մամուլին կտեղեկացնենք: Բայց սպանելու հետ կապված՝ Տիգրան Սահակյանը կոնկրետ դիրքորոշում ունի: Նա ասում է, որ Վահան Ղազարյանը դիտավորյալ,  սառնասրտորեն, կանխամտածված արել է այդ գործողությունները:

Մեր տեղեկություններով, մեղադրյալ Վահան Ղազարյանը Լեւոնին եւ ընկերոջըսպառնացել է նաեւ ատրճանակով: Տուժող կողմը նման տեղեկատվությանտիրապետո՞ւմ է:

— Պարոն Սահակյանից տեղեկացել եմ նաեւ այդ հանգամանքի մասին: Ըստ նրա ունեցած տեղեկատվության՝ էդպես էլ եղել է, նաեւ սպառնացել է զենքով, դա եղել է դանակահարությունից հետո:

Իսկ տեղյա՞կ եք, այդ զենքը խուզարկությամբ հայտնաբերվե՞լ է, թե՞ ոչ:

— Որքան գիտեմ, դեռ չի հայտնաբերվել:

Դուք այս պահին գործի հետ կապված միջնորդություններ ներկայացրե՞լ եք:

— Դեռ ոչ, բայց հետագայում արդեն պլանավորած ունենք, որոշակի ցուցմունքներից հետո կարծում եմ, կլինեն միջնորդություններ, դրանք դեռ հրապարակման ենթակա չեն:

Նշենք, որ ըստ պաշտպանական կողմի՝ Վահան Ղազարյանը, երբ տեղեկացել է Լեւոն Սահակյանի մահվան մասին, ՁՊՎ-ում ինքնասպանության փորձ է կատարել՝ կոճգամ կուլ տալով: Ինքնասպանության փորձի հետ կապված սույն գործի շրջանակներում նյութեր են նախապատրաստվում: Երեկ ՀՀ քննչական կոմիտեից մեր հարցին ի պատասխան ասացին, որ քրեական գործի հարուցումը մերժվել է: Ինչ վերաբերում է կոնկրետ գործին, ապա ՔԿ-ից փոխանցեցին, որ բազմակողմանի քննություն է տարվում: Մեր տեղեկություններով, նախաքննական մարմինը քննում է նաեւ, թե տվյալ դպրոցում աշխատողներից ով է գրանցված աշխատել, որքան գումար է ստացել, կամ ստացել է, թե՝ ոչ:

Վահան Ղազարյանի շահերը սկզբնական շրջանում պաշտպանում էր հանրային պաշտպան Մարինե Ֆարմանյանը, որը պատրաստվում էր որոշակի հայտարարություններ անել, սակայն մեղադրյալի շահերն այժմ ներկայացնում է մասնավոր պաշտպան Մնացական Սարգսյանը: Երեկ փորձեցինք նրան եւս մի քանի հարց ուղղել, վերջինս, սակայն պարբերաբար ասում էր, որ մի քանի ժամից զանգենք, այնուհետեւ լսելով, որ Վահան Ղազարյանի մասին մի քանի հարց ունենք տալու, ասաց, որ հարցերին հեռախոսով չի պատասխանում: Նա ասաց, որ զգուշացվել են նախաքննական գաղտնիք չհրապարակելու վերաբերյալ: Մեր ճշտող հարցին ի պատասխան, նա ասաց, որ Վահան Ղազարյանի խափանման միջոց կալանքը վերաքննիչ դատարան չի բողոքարկվել: Զենքի հետ կապված հարցին Սարգսյանն արդեն չպատասխանեց:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նախ, սպանության փորձի հատկանիշներով, ապա՝ դիտավորյալ սպանության: Հոկտեմբերի 22-ին Աջափնյակ եւ Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Վահան Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը:

Նյութի աղբյուրը ` armtimes.com

Comments

comments