Երբ ՀՀ նախագահի և պաշտպանության նախարարի մակարդակով հայտարարվեց զոհված և հաշմանդամ դարձած զինվորների աջակցության նոր ծրագրի մասին, ոգևորության մեծ ալիք բարձրացավ:

Բայց, ինչպես ասում են, սա մեդալի փայլուն կողմն էր: Մեդալի մյուս՝ ժանգոտ կողմի մասին գրեթե չխոսվեց: Խոսքը քաղաքացիների աշխատավարձերից գանձվող 1000 դրամների մասին է:

Ամեն ինչի մասին՝ հերթով:

Մեր իշխանությունների բստրած նոր ծրագրով նախատեսվում է 20 տարի շարունակ սոցիալական աջակցություն տրամադրել 2017-ի հունվարի 28-ից հետո մարտական գործողություններին մասնակցելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին:

Մինչև այստեղ, կարծեք թե արտասովոր բան չկա, բայց սպասեք:

Պարզվում է՝ ծրագրի համար միջոցները հատկացվելու են այդ նպատակով ձևավորված հատուկ հիմնադրամից, որի բյուջեն կձևավորվի քաղաքացիների աշխատավարձերից ամսական 1.000 դրամ գանձելով, ինչպես նաև կամավոր նվիրաբերութուններով։

Այստեղ խնդիրն այն չէ, որ 1000 դրամով պակասելու է քաղաքացիների աշխատավարձը:

Հարցը մոտեցման և վերաբերմունքի մեջ է:

Զինված ուժերում կոռուպցիայի դեմ պայքարելու, անարդյունավետ ծախսերը կրճատելու փոխարեն, մեր իշխանությունները քաղաքացիների գրպանը մտնելու նորանոր մեթոդներ են հնարում: Այս դեպքում՝ «ստավկա» է արվում քաղաքացիների զգացմունքների ու զգայական ամենանուրբ լարերի վրա:

Եթե նույնիսկ որոշում կայացվի, որ պահվելու է 10 դրամ, միևնույն է՝ դա անթույտատրելի է:Պետական մարմիններն իրավունք չունեն՝ նման որոշում կայացնելու, դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Դա միապետություններին, բռնապետություններին բնորոշ մտածողություն ու քաղաքականություն է, դա ոչ այլ ինչ է, քան թալան՝ ամենաբարձր մակարդակով, դա պաշտոնական լիազորությունների չարաշահում է, տարրական անհարգալից վերաբերմունք քաղաքացու նկատմամբ:

Քաղաքացին իր վճարած տարատեսակ հարկերով արդեն իսկ ձևավորում է պետական բյուջեն:

Բարի՛ եղեք, այնպես վերաբաշխեք այդ բյուջեն, որ բավականացնի երկրի առջև ծառացած խնդիրները լուծելուն: Մի՛ գնեք 160 հազար դրամանոց նստարաններ, 100 հազարանոց աղբամաններ, գերթանկ շամպայններ, կոնյակներ ու այլ խմիչքներ, ոսկեպատ զուգարանի թղթի գնով ձեռք մի՛ բերեք զուգարանի թղթեր, բիոզուգարաններ, գրասենյակային գրենական պիտուքներ:

Կրճատե՛ք անարդյունավետ ծախսերը, բացառե՛ք կոռուպցիան, մոնոպոլիան վերացրե՛ք, իսկ հարկային օրենսգիրքը մարդավարի տեսքի բերեք, և բոլոր խնդիրները կլուծվեն:

Այն ժամանակ Հայաստանը կլինի այնքա՛ն ուժեղ, որ պատերազմի հավանականությունն էլ մինիմումի կհասցվի, իսկ դուք կլինեք այնքա՛ն լեգիտիմ, որ ստիպված չեք լինի ընտրակեղծիքների վրա միլիոններ ծախսել:

 

Նյութի աղբյուրը ` zham.am

Comments

comments