Ուղղակի «շանտղություն է», երբ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետեւում, թե մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ եւ վերամշակմամբ զբաղվող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով սննդամթերքի անվտանգության եւ որակի ապահովման խնդրին:

Նա տեղեկացրել է, որ Սննդամթերի անվտանգության պետական ծառայության պետի փոփոխություն է եղել, որից պահանջվում է խիստ վերահսկողություն իրականացնել ոլորտում:

Կառավարության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել նաեւ ֆերմերների մասնագիտական պատրաստվածության խնդրին՝ անհրաժեշտ համարելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնական ծրագրերի վերանայումը եւ ֆերմերական նոր մշակույթի ձեւավորումը: Վարչապետը հետաքրքրվել է՝ կա արդյոք վիճակագրություն, թե նախորդ տարիների ընթացքում իրականացված ծրագրերի արդյունքում քանի ֆերմեր է ուսուցանվել եւ որակապես գրագետ բիզնես վարել. «Մենք մինչեւ որակը չփոխենք, չգիտեմ՝ ուր ենք գնալու: Ընդհանրապես վաղվա օրը գրագետ մարդու օր է : Եթե դու ժամանակակից չես, եթե դու չգիտես՝ ինչ ես անում ու էֆեկտիվ չես, դու շանս չունես դիմանալու մրցակցային դաշտին: Եկեք առաջարկ ներկայացրեք՝ ոնց ենք մենք մեր գյուղացուն, մեր ֆերմերին կրթում ու ձեւակերպեք իմ ֆունկցիան այդ գործում»:

Նյութի աղբյուրը ` news.am

Comments

comments