Արենիի քարանձավը Աստծու կողմից նվեր է հայ հնագետներին, ասում է Բորիս Գասպարյանը՝ Արենի 1 քարանձավի արշավախմբի ղեկավարը: Սա այն նույն անձավն է, որտեղ գտել էին աշխարհի ամենահին կոշիկը (ֆոտոռեպորտաժ):

«Օրգանական նյութն այստեղ լավ է պահպանվում հատուկ միկրոկլիմայի շնորհիվ: Այդ ժամանակաշրջանի բնակավայրեր կան մոտակայքում, նրանք մեզ ծանոթ են, սակայն դրանցում օրգանական մնացորդներ չեն պահպանվել: Իսկ այստեղ դրանք շատ լավ պահպանվել են: Եթե նայեք կոշիկին, կթվա, թե այն երեկ են կարել: Եվ դա մեզ անմիջական պատկերացում է տալիս այդ մարդկանց կենցաղի, տնտեսական կյանքի, լանդշաֆտային մտածելակերպի մասին: Դա անգնահատելի հնագիտական սկզբնաղբյուր է»,- բացատրում է հնագետը:

Արփա գետի ձախ ափի կիրճում՝ այնտեղ, որտեղ Նորավանքն է, կա մի քանի կարստային տեսակի քարանձավ: Արենի 1-ը կամ Թռչունների քարանձավը դրանց շարքում առաջինն է: Երբ մայրուղուց թեքվում ես կամուրջ, առաջին բանը որ տեսնում ես, ռեստորանն է: Քարանձավը թաքնված է ռեստորանի հետեւի ժայռերում:

Դրա մուտքը ծածկված է մեծ քարերով, եւ դժվար է կռահել, որ այնտեղ ներսում մի ամբողջ ապարանք է: Ասում են, որ ռեստորանի նախկին տերը մահացել է, երբ որոշել է մեծացնել ռեստորանի տարածքը քարանձավի սրահներից մեկի հաշվին: Տեղաբնակները կարծում են, որ դա անձավի ոգիների ձեռքի գործն է:

Բորիս Գասպարյանն ասում է, որ քարանձավը միշտ մարդկանց համար խորհրդավոր տեղ է եղել, դեպի անդրշիրիմյան կյանք տանող դարպաս: Քարանձավում փակվել է Սասնա ծռեր էպոսի Փոքր Մհերը: Քարանձավում թաքնվում էին նաեւ մեռնող ու հարություն առնող աստվածները:

«Պեղումները սկսվել էին 2017-ին, եւ առաջին փորձնական հետազոտությունները հաջողությամբ ավարտվեցին, բացահայտվեց գինեգործարանի մի մասը,- պատմում է Բորիս Գասպարյանը,- մենք հասկացանք, որ բախտներս բերել է»:

Փորձնական պեղումները վերածվեցին համակարգված հետազոտությունների եւ շարունակվեցին մինչեւ 2014 թվականը: Հիմա ժամանակավոր դադար է տրվել, եւ գիտնականներն աշխատում են քարանձավում հայտնաբերված նյութի հետ:

Երբ կարասները բացել էին, դրանցում խաղողի վազի ճյուղ եւ եղեգնից ձողեր էին գտել: Իհարկե, գիտնականները չէին կարող չհիշել Քսենոփոնին, որի նկարագրության համաձայն՝ Հայաստանում գինին խմում էին մեծ անոթներից եղեգնյա ձողերի օգնությամբ: Դա էլ հնագետներին դրդել էր այն մտքին, որ այստեղ հնձան է եղել: Իսկ հետագա պեղումների ժամանակ հայտնաբերվել էին ճզմած խաղողի հետքեր՝ կորիզ եւ կաշի: Կարասների մնացորդների քիմիական անալիզը ցույց էր տվել, որ դրանցում ալկոհոլ պարունակող նյութ է եղել:

Բորիս Գասպարյանի խոսքով՝ այդ հնձանը 6000 տարեկան է, դրա պատմությունը սկիզբ է առնում մ.թ.ա 4-րդ հազարամյակի վերջից:

Հետագա պեղումները ցույց տվեցին, որ քարանձավը հնագույն ծեսի վայր է եղել, իսկ գինու արտադրությունը՝ դրա մի մասը: Այդ մասին են հուշում քարանձավում գտած մարդկային մնացորդները. անգամ գինու մեծ կարասում մարդու մատ են գտել, ինչը վկայում է զոհաբերության բարդ ծիսակարգի մասին: Ընդ որում, կարելի է վստահությամբ պնդել, որ մոտակայքում ապրած մարդիկ լավ հողագործներ եւ խաղողագործներ են եղել:

Արենի 1 քարանձավը բրոնզի եւ քարի դարում մոտ 1000 տարի սրբավայր է եղել՝ մոտավորապես մինչեւ մ.թ.ա. 3400 թվականը: Հետո այն օգտագործել են տարբեր ինտենսիվությամբ, իսկ Միջնադարում ծառայել է որպես Նորավանքի թաքստոց:

Մենք քարանձավից դուրս ենք գալիս, եւ Բորիս Գասպարյանը ցույց է տալիս վայրը, որտեղ գտել են ամենահին կոշիկը (մ.թ.ա. 3627-3377 թթ.), որն այսօր պահվում է Հայաստանի պատմության թանգարանում:

Այստեղ գտնվում է բնակելի հատվածը: Ենթադրաբար, այստեղ ապրել են սրբավայրի պահապանները եւ նրանք տարբեր արհեստներով են զբաղվել: «Այսինքն՝ մենք գործ ունենք հին արեւելյան տաճար-տնտեսության հետ, երբ տաճարին կից գործում էր տնտեսվարող մաս, որն անդրշիրիմյան կյանքն ապահովում էր անհրաժեշտ բաներով»,- ասում է Բորիս Գասպարյանը:

 

Նյութի աղբյուրը ` news.am

Comments

comments