ՀՀ պաշտպանության նախարարությունը 50 միլիոն դրամ կհատկացնի «ԳԵՎՏԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը համերգ կազմակերպելու համար: Armtimes.com-ը ՊՆ-ի կարիքների համար կնքված պայմանագրերից մեկի ուսումնասիրությունից պարզել է, որ մշակութային միջոցառումներ կազմակերպելու նպատակով է կատարվելու այդ հատկացումը:

Հոկտեմբերի 12-ին կնքված պայմանագրի համաձայն՝ «ԳԵՎՏԻԳ» ՍՊԸ-ն պարտավոր է թվով 1200 մասնակիցների համար տոնական միջոցառում կազամակերպել հունվարի 28-ին՝ ՀՀ բանակի կազմավորման օրը:

Համերգը նախատեսված է անցկացնել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Դահլիճը կվարձակալվի 3 օրով, սակայն համերգը կլինի միայն հունվարի 28-ին: Նախատեսված է վարձակալել ձայնային եւ լուսային հավելյալ սարքավորումներ, վճարել նաեւ դրանց սպասարկման համար: 3 օրով կվարձակալվի 70-ից 80 քմ մեծության Լեդ էկրան եւ կվճարվի դրա սպասարկման համար: Ընդհանուր գումարից կվճարվի նաեւ բեմի ձեւավորման համար անհրաժեշտ մետաղական կոնստրուկցիաների վարձակալության եւ մոնտաժման, համերգային բեմի դեկորացիաների, շքամուտքի ձեւավորման համար թվով 8 թեմատիկ պաստառների համար: Կվճարվի նույնիսկ այդ Լեդ էկրանի համար անիմացիոն պատկերների պատրաստման համար:

Համերգին մասնակցող 10 մենակատարը, 2 հաղորդավարը, 6 պարային եւ երգի համույթը եւ 2 նվագախումբը կվճարվեն, սակայն պայմանագրում նրանց ծառայությունների արժեքի մասին որեւէ նշում չկա: Համերգը կտեւի 1.5 ժամ, որի ընթացքում կրծքանշաններ, օրացույցներ կբաժանվեն եւ տեսանկարահանում կիրականացվի:

Վերը նշված բոլոր ծառայությունները վճարովի են եւ ներառված են մեկ պայմանագրում: Պաշտպանության նախարարությունը պարտավորվել է, որ այդ 50 միլիոնը վճարի ամենաուշը այս տարվա դեկտեմբերի 10-ին:

ՀԳ. Նշված պայմանագրի գնման ժամանակացույցում ՊՆ-ն նշել է «2016 թվականի հունվարի 28», սակայն նույն պայամնագիրը կնքվել եւ ստորագրվել է 2016 թվականի հոկտեմբերի 12-ին եւ վճարումները կատարելու համար ժամկետներ է սահմանվել հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին: Իսկ նշված ընկերությունը՝ «ԳԵՎՏԻԳ»-ը, ստեղծվել է միջոցառումն իրականացնելու համար նախատեսված մրցույթի օրերին: Ընկերության միակ հիմնադիրը Անուշավան Մոսվսեսյանն է:

3b3b4e9d24807b9f5d7f0bb2bbf9598a

e3f85211a0d4c7abfcd8f4bde37e0736

 

Նյութի աղբյուրը ` armtimes.com

Comments

comments