Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորում ստեղծելու նպատակով երկու երկրների միջև համաձայնագիր ստորագրելու` ՌԴ կառավարության առաջարկին: Համաձայնագիրը կնքվելու է 5 տարի ժամկետով, և եթե դրա ավարտին կողմերից մեկն այն դադարեցնելու նախաձեռնությամբ հանդես չի գալիս, ավտոմատ կերպով երկարաձգվում է ևս հինգ տարով:

Երկու երկրների ԶՈՒ միացյալ խմբավորում գործում էր նաև մինչև Պուտինի այս հանձնարարությունը: Դեռ այս տարվա օգոստոսին տեղեկություն տարածվեց, որ այդ խմբավորումը զորավարժություններ է անցկացրել «Ալագյազ» զորավարժարանում: Եթե, դրանով հանդերձ, համաձայնագիր ստորագրելու անհրաժեշտություն է առաջացել, նշանակում է՝ խմբավորման հետապնդած խնդիրների, կիրառման դեպքերի, որոշումների կայացման ու գործադրման կողմերի պատասխանատվության շրջանակների առումով արվում են էական փոփոխություններ: Իրականում հայ-ռուսական զինված ուժերի միացյալ խմբավորում ստեղծելու շուրջ բանակցություններն սկսվել էին ավելի վաղ: Հայտնի է, որ հուլիսին հատուկ այդ նպատակով ՌԴ ՊՆ պատվիրակություն էր ժամանել Երևան: Պուտինի այս հանձնարարությունը հուշում է, որ կողմերը եկել են սկզբունքային համաձայնությունների և գործընթացը մտել է ավարտական` վերջնական փաստաթղթավորման փուլ:

Ըստ որոշ չճշտված աղբյուրների՝ խմբավորման հիմնական խնդիրն է երկու երկրներից որևէ մեկին ուղղված զինված հարձակումներին դիմակայելը, Հայաստանի և Ռուսաստանի սահմանները պաշտպանելը: Խմբավորման հրամանատարին նշանակում է ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարը, այսինքն` ներկա պահին ՀՀ նախագահը՝ ՌԴ նախագահի համաձայնությամբ։ Խաղաղ պայմաններում խմբավորումը ենթակա է լինելու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբին: Սակայն պատերազմական իրավիճակում, ըստ ամենայնի, ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին։

Այս նախաձեռնությունը կանխարգելիչ նպատակներ է հետապնդում և ունի ընդգծված քաղաքական ենթատեքստ: Խնդիրն այն է, որ առանձին միջպետական պայմանագրով ՌԴ ԶՈւ-ն արդեն իսկ իրականացնում է Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի պետական սահմանների պաշտպանությունը: Միացյալ խմբավորման կազմի մեջ հայկական բանակի 4-րդ կորպուսի հնարավոր ընդգրկումը թույլ է տալիս եզրակացնել, որ թերևս խնդիր է դրվել 102-րդ ռազմակայանի ռեսուրսները ներգրավել նաև Նախիջևանի հետ սահմանների պաշտպանությանը, որը մինչև հիմա դրված է բացառապես հայկական բանակի վրա:  Նախիջևանում Թուրքիայի առանձնահատուկ հոգածությամբ Ադրբեջանը վերջին մի քանի տարիներին ստեղծել է առանձին համազորային բանակ, որը, չնայած փոքրաթիվությանը, համալրված է արդիական զինատեսակներով: Այս տարվա սկզբին Հայաստանի և Նախիջևանի սահմանին հակառակորդի ձեռնարկած մի քանի սադրիչ գործողությունները, Նախիջևանի համազորային բանակի մի քանի ինտենսիվ զորավարժությունների հարձակողական բնույթը փաստեցին, որ Արցախում պատերազմի վերսկսման դեպքում այդ ուղղությունից Հայաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու հեռանկարը բավականին իրատեսական է: Եթե ռուսական 102-րդ ռազմակայանը ստանձի հայկական ԶՈւ-ի հետ այդ ողղությամբ սահմանների պաշտպանությունը, Ադրբեջանի կողմից ցանկացած գործողություն կնշանակի գործողություն նաև ՌԴ-ի դեմ: Եվ Բաքուն չի կարող չզգուշանալ: Բացի դրանից՝ այդ ուղղությունից թիկունքի ապահովագրումը, հայկական ԶՈՒ հրամանատարությանը թույլ կտա Արցախի դեմ Ադրբեջանի նոր հարձակման դեպքում այնտեղ ռեզերվային ավելի շատ ուժեր կենտրոնացնել:

Հետաքրքրական է, սակայն, Վլադիմիր Պուտինի կողմից այս համաձայնագրի ստորագրման հանձնարարությունը տալու համար ընտրված պահը: Այն արվեց արցախա-ադրբեջանական շփման գծի մոտ Ադրբեջանի սկսած լայնածավալ զորավարժությունների անցկացման օրերին, որոնց մեկնարկին այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը գրեթե բաց տեքստով Հայաստանին սպառնաց պատերազմով: Եթե նույնիսկ սա պատահական համընկնում էր, շատ հստակ ուղերձ է պարունակում Ադրբեջանին:  Ուղերձի էությունն այն է, որ Բաքուն պետք է մոռանա ռազմական ճանապարհով ԼՂ հարցը լուծելու երրորդ փորձից և կենտրոնանա բանակցային գործընթացի վրա:

Նյութի աղբյուրը ` surlur.ru

Comments

comments