«Օֆշորի գործով» այսօրվա դատական նիստում քննության առնվեց գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին պատկանող «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվին Ամերիաբանկի կողմից տրամադրված վարկերի մարման վերաբերյալ տեղեկանքը:

Տուժող Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանը հայտարարեց, որ իրենք համաձայն չեն տեղեկանքի՝ վարկային գումարների մարման փաստաթղթերի հետ, դրանցում առկա են հակասություններ: Ավելին, ըստ նրա, բանկի կողմից ավել գումարներ են գանձվել: «Որտեղի՞ց են վերցվել այս թվերը», — հայտարարեց ներկայացուցիչը՝ միջնորդելով բանկից պահանջել ամբողջ վարկային գործը՝ քաղվածքներով հանդերձ: Շ.Փիրուզյանը միաժամանակ նշեց, որ անհրաժեշտ է, որ բանկը պարզաբանի վարկային գումարների մարման շարժը՝ մայր գումարի, տոկոսների, ինչպես նաև տույժ-տուգանքների տեսքով:

Պաշտպանական կողմը միացավ մրցակից կողմի ասածին՝ իր հերթին ընդգծելով, որ հակասություններն ակնառու են: Ամբաստանյալի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը նաև դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ դեռևս 2014թ. «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվը սնանկ է ճանաչվել, ուստի տույժ-տուգանքները հաշվարկելիս պետք է հաշվի առնել այդ հանգամանքը:

Դատարանն որոշեց հաջորդ դատական նիստին դատարան հրավիրել Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանին՝ իր իսկ կողմից կազմված տեղեկանքի շուրջ նրան լրացուցիչ հարցաքննելու համար: Միաժամանակ դատարանը կպահանջի նաև վարկային գործը՝ քաղվածքներով:

Նշենք, որ այսօրվա նիստում ներգրավվեց տուժողի նոր ներկայացուցիչ Լուսինե Աղլամազյանը: Տուժողը միաժամանակ հրաժարվեց բոլորովին վերջերս ներգրավված իր երեք ներկայացուցիչներից: Պատճառն, ըստ տուժողի, վճարման հետ կապված խնդիրն է:

Դատարանը ճանաչեց նոր ներկայացուցչի լիազորությունները, իսկ ավելի վաղ ներգրավված ներկայացուցիչներին հեռացրեց վարույթից:
Հիշեցնենք, ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, և 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը:

Ըստ մեղադրանքի՝ Աշոտ Սուքիասյանը խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաև չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց:

Նյութի աղբյուրը ` pastinfo.am

Comments

comments