Ilur.am-ը գրում է.

«1000 դրամ» գանձելու օրենքի «գլուխգործոց» նախագիծը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Վարչախումբը, որևէ հակափաստարկից զուրկ,  հայտնի կենդանու համառությամբ ու «հայրենասիրություն» խաղալով՝ առաջ է տանում իր ուզածը:

Բայց սա միայն յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամի ու «հայրենասիրության» հարց չէ, ինչպես ցինիկաբար ներկայացնում է վարչախումբը, եւ ոչ նույնիսկ պաշտոնյաների թալանածի հաշվին այդ խնդիրը լուծելու հարց, ինչպես իրավացիորեն պնդում են հազարավոր ընդդիմացողներ։ Սա շատ կարեւոր քաղաքական հարց է՝ իշխանության կողմից բանակում զոհերի ու հաշմանդամների ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ հարց, այլ խոսքով՝ պատերազմի պլանավորման հարց։

Դրա փաստարկներն ու ապացույցներն այլ տեղ չեն, քան հիշյալ օրինգծի մասին ՊՆ-ի ներկայացրած «Հիմնավորման» մեջ։ Այս փաստաթղթում ասվում է, որ նման նախաձեռնության հիմքում դրված են Ապրիլյան պատերազմի հետեւանքները.

     «2016թ. ապրիլ ամսվա դեպքերը ցույց տվեցին, որ ծավալուն մարտական գործողություններ սկսվելու պարագայում, դրա արդյունքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասները միայն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ամբողջ ծավալով հատուցելը խնդրահարույց է, և դրա համար անհրաժեշտ են ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ»:

Եւ այսպես.

Համաձայն ներկայացված օրինագծի՝ 1000-ական դրամ պարտադիր այս վճարով հավաքվելու է շուրջ 6 միլիարդ դրամ, որ պետք է ուղղվի զոհված, ինչպես նաև 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների փոխհատուցմանը: Փաստաթղթում մանրամասն տրված են նաեւ յուրաքանչյուր դեպքում փոխհատուցման չափերը։

Կոռեկտ չենք համարում համապատասխան թվաբանությունը ներկայացնել ընթերցողին (դա յուրաքանչյուրը կարող է անել ինքը), բայց, ըստ այդմ՝ ստացվում է, որ այս վեց միլիարդ դրամը բավարար է ավելի քան 600 դեպքի (մահ, 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամության) փոխհատուցման համար։ Սա արդեն երեք անգամ ավելի է, քան ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված ու համապատասխան հաշմանդամություն ստացած զինծառայողների թիվը (փոխհատուցումը նախատեսված է միայն զինվորականների համար)։

Բայց միայն այս 1000-ական դրամները չեն լինելու նախատեսվող Հիմնադրամի աղբյուրը։ ՊՆ-ի ներկայացրած նույն «Հիմնավորման մեջ դրված է այդ աղբյուրների ամբողջական ցանկը.

     «Հիմնադրամի կողմից հատուցումներ վճարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները կձևավորվեն հետևյալ աղբյուրներից`

 

  • Յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող դրոշմանիշային վճարներից.
  • Պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայություններից օգտվող անձանց կողմից վճարվող վճարներից` յուրաքանչյուր ծառայության համար` համապատասխանաբար` 500 և 200 դրամ գումարի չափով.
  • Հատուկ այդ նպատակով թողարկված արժեթղթերի վաճառքից.
  • Հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից, նվիրաբերություններից և նվիրատվություններից.
  • Վերը նշված աղբյուրներից հավաքագրված միջոցների կառավարման (ներդրման) արդյունքում ստացվող եկամուտներից»:

Այս ամենով Հիմնադրամում 1000-ական դրամով հավաքվող վեց միլիարդն առնվազն կրկնապատկվելու է։

Ստացվում է, որ ըստ իշխանության կատարած ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ՝ բանակում մենք տարեկան ունենալու ենք ավելի քան 1200 զոհ եւ առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամ։ Այսինքն՝ շատ ավելի լայնամասշտաբ պատերազմ է պլանավորվում, քան Ապրիլյան պատերազմն է։ Երեւի հաշվել են, որ սա է մնացել իշխանությունը պահելու վերջին միջոցը։ Ու դրա ամբողջ ծանրությունն էլ դրվում է ժողովրդի վրա։ Իսկ դուք ասում եք, թե անբարոյականությունն էլ սահման ունի:

Ահա թե ինչ վտանգ է թաքնված 1000 դրամանոց «հայրենասիրության» տակ։

Նյութի աղբյուրը ` ilur.am

Comments

comments