Այս բյուջեն իր ցուցանիշներով, նպատակադրումներով չի համապատասխանում օրեր առաջ կառավարության ներկայացրած ծրագրին. առանձին ունենք ծրագիր, եւ առանձին ունենք բյուջե: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-ում 2017-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով, փոքր տնտեսություն ունեցող երկրում, որտեղ ամեն ինչ նստած է տրանսֆերտների վրա, որտեղ ունենք 840 մլն դոլարի կրճատում, 3,2 տոկոս աճը ընդամենը գոյատեւման աճ է, սա որեւէ զարգացման նշույլ չունի:

«Բյուջեի բոլոր ցուցանիշները ցույց են տալիս, որ 5 տարիների ընթացքում կառավարությունը հիմնականում ձախողել է իր բոլոր 3 ծրագրերը: Մասնավորապես, կառավարությունը հրաժարվել է ավելացված արժեքի հարկը սահմանից չգանձելու մտքից, մարզերում ոչ գյուղատնտեսական բնույթի 100 հազար աշխատատեղ պիտի ստեղծեր, չի ստեղծել, պետք է ստեղծեր 50 հազար ՓՄՁ-ներ, չի ստեղծել, պետք է ստեղծեր 70 հազար աշխատատեղ, չի արել»,-ասաց նա:

Նա դիմեց ՀՀԿ-ական պատգամավորներին ասելով. «Երբ վարչապետը եկավ այստեղ ու ասաց, որ տնտեսության վիճակը ծայրահեղ ծանր է, դուք ի՞նչ էիք ասում, լռո՞ւմ էիք»:

Մելքումյանի խոսքով, գունավոր մետաղների գների նվազման արդյունքում ունեցանք ՀՆԱ-ում 300 մլն դոլարի նվազում, 60 մլրդ դրամի էլ թերհավաքագրում. «Այսինքն ԿԲ-ն գները կայունացնում է, արդյունքում թերհավաքագրում է լինում: Սրանից եզրակացություն, նախորդ տարիների տնտեսական աճը հիմնված էր գնաճի վրա, որովհետեւ տնտեսական աճ չի եղել, հարկային բազան էլ չես կարող անընդատ մեծացնել: Դուք ստվերի դեմ չեք կարող պայքարել, որովհետեւ դրա համար պետք է հասցեները կոնկրետ ցույց տաք: Մյուս կողմից, երբ դու գալիս ես «պեդալը»  սեղմում ես, էդ ձեռնարկությունները փակվում են, օրինակը «Աշտարակ կաթի» փակվելն է: Դուք էլ լուռ նայում եք, թե ինչպես է այդ բիզնեսներում տեղի ունենում սեփականությունների վերաբաշխում եւ մոնոպոլիզացիա: Պատմերացնո՞ւմ եք, որ կաթի շուկայում 80-90 տոկոս մի խաղացող լինի»:

Անդրադառնալով բենզինի գնի նվազմանը, ԲՀԿ պատգամավորն ասաց. «Դուք հաշվարկե՞լ եք, որ բենզինի գնի նվազման արդյունքում ԱԱՀ-ի գծով ինչքան թերհավաքագրում է լինելու բյուջեում: Ասում եք բենզինի շուկա նոր խաղացող մտավ, 40 դրամով գներն իջան: Այդ ինչպես եղավ, Վրաստանում մեկ լիտրը 250 դրամ է, նայե՞լ եք, թե էն ժամանակ բենզին ներկրողներն ինչ շահույթներ են ստացել: Հիմա տեսնենք ՏՄՊՊՀ-ն այս ոլորտ մտնելո՞ւ է: Եթե չէ, ես տեղերը ցույց կտամ, թե ինչ գերշահույթներ են եղել ու չեն գանձվել»:

Նյութի աղբյուրը ` news.am

Comments

comments