«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Լիա» գեղեցկության սրահի սեփականատեր Պետրոս Իսրայելյանը, նույն ինքը՝ Չարբախցի Գեղամը, կասկածվում է գեղեցկության սրահում տեղի ունեցած միայն մեկ սպանության մեջ։

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող գեղեցկության սրահներից մեկում հնչած կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մահացել է երկու անձ՝ Երևան քաղաքի բնակիչներ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը, ևս մեկ անձ՝ Արամ Պետրոսյանը, հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ հատվածում, և նրա վիճակը գնահատվում է ծանր:

Մեր տեղեկություններով՝ Գեւորգ Ավետիսյանը Պետրոս իսրայելյանի «մարդկանցից» է, իսկ Մուշեղ Մուշեղյանը օրվա գլխավոր «մեղավորը», այսինքն՝ Չարբախցի Գեղամը հենց նրա հետ է խնդիր ունեցել։ Գեղեցկության սրահի տարածքում տեղի ունեցած «ռազբորկային» մասնակցել է մի քանի տասնյակ մարդ, որոնց թվում նաեւ քրեական հեղինակություններ։ «Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ Երեւանի քննչական վարչությունն արդեն պարզել է շատերի ինքնությունը ու նրանց հայտնաբերելու հանձնարարություն տվել ոստիկաններին։

Տեղեկացրել ենք, որ սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, նոյեմբերի 14-ից շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում:

Նյութի աղբյուրը ` pastinfo.am

Comments

comments