Blognews.am-ը գրում է.

Ուկրաինական «X Factor»-ի մասնակից Սևակ Խանագյանին Հայաստանում հետևում են մեծ հետաքրքրությամբ: Սևակի բոլոր ելույթները հաջորդ իսկ օրը դառնում են հայկական համացանցի հերթական իրադարձությունը: Սևակի մեջ հայ հանդիսատեսը ամենաշատը սիրեց նրա հայեցի պահվածքն ու  բրուտալ  կերպարը, որն, անկասկած, նրա հաղթաթուղթն է ոչ միայն կյանքում, այլ նաև բեմի վրա:

Ռուսական «Главная сцена», «Голос», իսկ ներկայումս՝ ուկրաինական «X factor»-ի հայազգի մասնակից Սևակ Խանագյանի հետ BlogNews.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել, որն, ի դեպ, հայկական մեդիայի համար Սևակի առաջին հարցազրույցն է:

Հայաստանից Ռուսաստան տեղափոխվելու պատճառների, մրցույթներին մասնակցելու առավելությունների, Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու նպատակի ու ընտանեկան կյանքի մասին Սևակ Խանագյանի հետ մեր մտերմիկ զրույցը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Բարև, Սևակ։ Հայաստանում քեզ շատ են սիրում, գիտե՞ս։

– Այո, նկատել եմ 🙂 Իրականում շատ մեծ աջակցություն եմ զգում վերջերս: Անչափ շնորհակալ եմ ձեզ դրա համար:

– Կպատմե՞ս քո մասին։ Ինչպե՞ս եղավ, որ Հայստանից տեղափոխվեցիք ընտանիքով, քանի՞ տարեկան էիր, ի՞նչ կրթություն ես ստացել ու ինչպե՞ս որոշեցիր երաժիշտ դառնալ։

– Ծնվել եմ 1987թ. Հայաստանում, Տաշիրի մարզի Մեծավան գյուղում: Ապրել եմ այնտեղ մինչև 7-րդ դասարան, իսկ հետո ծնողներիս հետ միասին տեղափոխվել եմ Մոսկվա: Տեղափոխության պատճառը հորս աշխատանքն էր: Երաժշտությամբ ապրում եմ արդեն 7 տարի: Սկզբնական կրթությունս ստացել եմ Մեծավան գյուղի երաժշտական դպրոցում, այնուհետև ավարտել եմ Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի բաժինը: Այնուհետև՝ ավարտել եմ Մոսկվայի Մայմոնիդի անվան պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժինը:

– Բավականին հեղինակավոր մրցույթների ես մասնակցել և այժմ էլ մասնակցում ես: Ի՞նչ է քեզ դա տալիս։

– Իմ մասնակցությունը մրցույթներին, որպես մինիմում, ինձ մեկ քայլ մոտ է դարձնում իմ հանդիսատեսին, ում ես ձեռք եմ բերում հենց այդ մրցույթների շնորհիվ: Դա հրաշալի հնարավորություն է ստեղծագործական ներուժդ դրսևորելու և լսելի դառնալու համար: Վերջիվերջո, եթե չլինեին այդ մրցույթները, ապա այս պահին Դուք ինձ հետ հարցազրույց չէիք անի 🙂 Դե… հասկանում եք՝ ինչ նկատի ունեմ:)

– Ե՞րբ ես վերջին անգամ եղել Հայաստանում,  ի՞նչ գիտես հայրենիքիդ մասին, արդյոք պլանավորո՞ւմ ես առաջիկայում այցելել Հայաստան։

– Վերջին անգամ Հայաստանում եղել եմ այս ամռանը: Ինչպես ցանկացած մարդ, ով սիրում ու հպարտանում է իր հայրենիքով, ես ևս իմ հայրենիքի մասին գիտեմ ամեն ինչ, սակայն գերադասում եմ լռել իմ զգացմունքների մասին, որովհետև այս պահին չեմ կարողանում արտահայտել այն խոսքերը, որոնք իրականում կցանկանայի ասել: Դա երկար պատմություն է… Պլանավորում եմ և հույս ունեմ, որ մոտ ժամանակներս ավելի հաճախ կլինեմ ԻՄ հայրենիքում:

– Բացի նրանից, որ հրաշալի երգում ես, նաև հրաշալի ստեղծագործում ես: Շո՞ւտ ներշնչվող մարդ ես, ու, առհասարակ, ի՞նչն է քեզ մղում նոր երգ գրելու։

– Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար: Մի բան միայն գիտեմ. չեմ կարող երգ գրել ինձ ստիպելով: Ծնվում է միտքը, հստակ տեսնում եմ կոնկրետ տեսարան, որն էլ նկարագրում եմ. դա երգի բառերն են: Իսկ մեղեդին ես սովորաբար գրում եմ արդեն պատրաստ տեքստի վրա: Դա ինձ մոտ հեշտ է ստացվում, քանի որ ցանկացած տեքստ ունի իր մեղեդայնությունը, և ես այն կարդում եմ՝ մեղեդու միջոցով տեքստին տալով էմոցիոնալ երանգ:

– «Не молчи» երգով քեզ ճանաչեց ու սիրեց ողջ Հայաստանը: Երգը հեղինակային է: Կպատմե՞ս  դրա պատմությունը։

– Այդ երգը ես մեկ ժամում եմ գրել: Պարզապես նկարագրել եմ տեսարանը, որը տեսնում էի: Այն հորինված պատմություն չէ: Կարծում եմ՝ նման պատմություն եղել է ցանկացած մարդու կյանքում: Երևի հենց դա է պատճառը, որ այն գտավ իր տեղը մարդկանց սրտերում:

– Դու հրաշալի կատարեցիր Ֆադեևի «Танцы на стеклах» երգը, ու չնայած Ֆադեևի հիացմունքին՝ դուք, կարծես, լարված հարաբերություններ ունեիք: Այդպե՞ս է։

– Կասեմ մի բան. հեռուստատեսությամբ ասվող կամ ցուցադրվող ամեն բանի չէ, որ պետք է հավատալ: Ես նրա հետ մի քանի անգամ եմ հանդիպել կյանքում, և մեր ամեն հանդիպումը ավարտվել է միմյանց հասցեին ասված հաճելի խոսքերով: Ես շատ հարգում եմ այդ մարդուն՝ որպես հրաշալի երաժիշտ: Ու նաև նա է իմ հանդեպ շատ դրական տրամադրված, և բացի լավ ու բարի խոսքերից՝ իմ հասցեին ուրիշ ոչինչ չեմ լսել նրանից:

– Արցախյան պատերազմի մասին նոր երգդ սքանչելի է: Կպատմե՞ս այդ երգի պատմությունը։

– Պատմությունը շատ պարզ է։ Ինձ ցույց տվեցին տեքստը, և ես այն շատ հավանեցի գոնե այն պատճառով, որ հստակ հասկանում եմ՝ ինչի մասին է խոսվում: Այդ տեքստի մեղեդին գրեցի մեծագույն հաճույքով, այն ինձ համար ավելին է, քան պարզապես երգ: Ես շատ հպարտ եմ իմ հայ լինելով, և այդ երգի մեջ իմ ժողովրդի պատմության մի մասնիկն է:

– Ստեղծագործական թեմաները՝ մի կողմ: Մի փոքր կպատմե՞ս  նախասիրություններիդ մասին: Ազատ ժամանակդ ինչո՞վ ես լրացնում: Հաճա՞խ ես հեռու լինում ընտանիքիցդ: Գիտեմ, որ ամուսնացած ես, ունես հրաշալի փոքրիկ։

– Ազատ ժամանակ չեմ ունենում: Իմ ամբողջ օրը փորձեր են, ելույթներ, նկարահանումներ, շրջագայություններ կամ էլ նոր երգերի ստեղծում, գործիքավորում և ձայնագրում: Ցավոք, ընտանիքիս հետ վերջերս քիչ եմ տեսնվում, քանի որ մասնակցությունս «X Factor» նախագծին ինձ ստիպում է ապրել այլ երկրում, հարազատներիցս հեռու (խմբ. Սևակի ընտանիքը Մոսկվայում է բնակվում, իսկ մրցույթը, որին նա մասնակցում է, Ուկրաինայում է անցկացվում)։ Այո՛, հրաշալի որդի ունեմ, անունը Բագրատ է: Չորս տարեկան է և  շատ անկեղծ ու բարի երիտասարդ է 🙂

– Բնավորությանդ ամենադրական գիծը։

– Հուսով եմ՝ բարությունը։

– Իսկ թերություններիդ  մասին ի՞նչ կասես։

– Շատ են…

– Առաջիկա պլաններ, նոր ստեղծագործություններ. այս մասին ի՞նչ կասես։

– Ուրեմն՝ առաջիկա պլաններս` հաղթել X Factor-ում, ալբոմ ձայնագրել, մի քանի տեսահոլավակ նկարահանել, համերգային տուր կազմակերպել և հաջորդ տարի Եվրատեսիլում ներկայացնել Հայաստանը: Դե սրանք, այսպես ասած, մոտակա պլաններն են)))

– Հետևու՞մ ես հայկական շոու բիզնեսին: Ընկերներ ունե՞ս մեր երգիչ-երգչուհիների մեջ:

– Շատ արտիստների գիտեմ, բայց ոչ անձամբ, ցավոք, եթե խոսքն այն արտիստների մասին է, ովքեր ապրում ու ստեղծագործում են Հայաստանում: Իսկ այնպես՝ բազմաթիվ հայ երաժիշտ ընկերներ ունեմ:

– Եվ ամենավերջում, ի՞նչ կասես քո հայաստանյան երկրպագուներին: Ասեմ, որ քո բոլոր ելույթները մեր կայքում մեծաքանակ դիտումներ են ունենում, մարդիկ քեզ սիրում ու հետևում են։ 

– Ուզում եմ խորին շնոհրակալությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր քաջալերում են ինձ: Ինձ համար դա շատ կարևոր է: Ես մեծ հույս ունեմ, որ հետագայում ևս կգոհացնեմ ձեզ իմ արվեստով: Ես ամեն օր ջանում եմ զարգանալ ու ավելի լավը դարձնել իմ երաժշտությունը: Մեծ հույս ունեմ, որ մոտ ժամանակներս, երբ մենք հաղթենք X Factor-ում (ասում եմ մենք, որովհետև առանց ձեզ ես դա անել չեմ կարող), ես մեծ սիրով համերգային ծրագրով կգամ Հայաստան, որտեղ հույս ունեմ հանդիպել իմ արվեստի հանդեպ ոչ անտարբեր մարդկանց հետ: Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, շնորհակալ եմ, որ կաք:

Նյութի աղբյուրը ` blognews.am

Comments

comments