19 ամյա Խորենի զոհվելու փաստը հարազատները չեն կարողանում ընդունել: Ցավը ահավոր է, խեղդող, քանի որ բազմաթիվ երազներ ունեցող Խորեն Դերենիկի Հարությունյանը  սպանվել է ծառայակցի մեղքով:

«Ծառայակիցը սպանեց մեր հրաշք տղուն ու անունը դրվեց դժբախտ դեպք: Խորենը ուրիշ տեսակ էր, պարզ, մաքուր ու շատ հայրենասեր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի քեռու կինը՝ Մարինե Փանոսյանը:

Խորեն Հարությունյանը մի եղբայր և քույր ունի: Քույրը՝ Խորենի երկվորյակն է և շատ ծանր է տանում նրա կորուստը: Խորենը դպրոցն ավարտել է գերազանց և սիրված է եղել ուսուցիչների ու ընկերների կողմից: Հորը կորցրել է տասը տարի առաջ:

«Մայրը դպրոցում ուսուցչուհի է: Եղել է որդու դասղեկը, ուրախացել նրա ամեն մի հաջողությամբ: Ասեք, ո՞նց հարմարվի էս ցավին, սարսափելի է: Խորենը երազում էր ռազմական բժիշկ դառնալու մասին: 2015 թվականի հուլիսին զորակոչվեց զինծառայության: Ծառայում էր  Մատաղիս վարչական շրջանի Թալիշ գյուղում: Լավ ծառայելու համար բազմաթիվ պատվոգրեր ուներ: Մասնակցել է քառօրյա պատերազմին և բեկորային վնասվածքներ ստացել: Պնդել է, որ մնա դիրքում: Միշտ ցանկացել է լինել առաջնագծում»,-նշեց Խորենի ազգականը:

«Այդ օրը մեր երեխեն զոհվեց իր ծառայակցի ձեռքով, որին չեմ ուզում անվանել հայ՝ Ազատ Մովսեսի Խաչատրյանի կողմից: Կատարվածը համարվեց պատահական դեպք: Ո՞ւր էր հրամանատարությունը, երբ այդ վիժվածքը մոտենում էր իրեն չպատկանող դիպուկահար զենքին: Խեղճ մայրը տասը տարի որբ էր մեծացրել, որ այս ձևով կորցներ: Մենք հույս ունենք, որ նա անպայման կպատժվի և Աստված մեր արցունքները կտեսնի:

Նշենք, որ Խորեն Հարությունյանի եղբայրը ծառայել է Արցախում և հրամանատարների միջնորդությամբ այժմ սովորում է Լենինգրադի զինվորական ակադեմիայում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 2-ին` ժամը 09:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Խորեն Դերենիկի Հարությունյանը:

Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Խորեն Դերենիկի Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող։ Ձեռնարկված քննչական գործողություների արդյունքում պարզվել է, որ Խ.Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքը ստացել է մարտական դիրքում կրտսեր սերժանտ Ա.Խաչատրյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցից։ Կրտսեր սերժանտը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Նյութի աղբյուրը ` henaran.am

Comments

comments