News.am-ը գրում է.

Սանկտ Պետերբուրգում անցկացվող Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի (ԿՀՄԻ) ընկերությունների խմբի բժիշկների XI համագումարը բացվել է արտասովոր զեկույցով. ԿՀՄԻ-ի Երեւանի կենտրոնի ՄՌՏ-ախտորոշման բժիշկ Նարեկ Մատինյանն իր «Բնության մասնիկները ռադիոլոգիայում» զեկույցով պոետիկ երանգներ է մտցրել քննարկման մեջ: Այս մասին հայտնում է ԿՀՄԻ ԲԱԿ Երեւանի կայքը:

Նա հիշեցրել է, որ հիվանդությունների ախտորոշման ժամանակ բազմաթիվ ախտանշաններ ընդունված է փոխաբերական իմաստով նշել. մեդուզայի գլուխ կամ արմավենի (երակային անգիոմայի դեպքում), հսկա պանդայի մռութ (հեպատոլենկուլյար դեգեներացիայի դեպքում) եւ այլն: Ելույթի ավարտին Նարեկ Մատինյանն առաջարկել է ողնաշարի պարանոցային հատվածում երկու տարբեր մեծությամբ ճողվածքի առկայությունն «Արարատի ախտանիշ» կոչել:

ԿՀՄԻ-ի տարածաշրջանային բաժանմունքների բժիշկներն իրենց ամենօրյա գործունեության արդյունքները ներկայացրել են երեք բաժիններով. նեյրոռադիոլոգիա, կրծքավանդակի, որովայնի խոռոչի եւ փոքր կոնքի օրգանների հիվանդություններ, ինչպես նաեւ հենաշարժողական ապարատի հետազոտություններ: Հավաքվածները ներկայացրել են նաեւ պաթոլոգիաների ախտորոշման վիզուալացման հեռանկարային մեթոդների ներդրման փորձը:

Մեծ ուշադրություն է հատկացվել նաեւ բուժման գործընթացի կազմակերպման հարցերին:

Նյութի աղբյուրը ` news.am

Comments

comments