Վերջին 10 օրերի ընթացքում Արցախի սահմանամերձ Թալիշ գյուղ է վերադարձել շուրջ 10 թալիշցի տղամարդ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Թալիշի բնակիչներից Արամը: Նա նշեց, որ իրենք որոշել են գյուղ վերադառնալ՝ այն շենացնելու, գյուղից կարոտն առնելու եւ իրենց տներն ու հողատարածքները պաշտպանելու. «Մեր ընտանիքներն այժմ Ալաշանում են, մենք եկել ենք մեր գյուղը շենացնելու, այն անտեր չենք կարող թողնել»:

Արամը նշեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո գյուղի շատ տներ են ավերվել, սակայն, կան այնպիսիք, որտեղ հնարավոր է ապրել. «Արդեն մեկ շաբաթից ավելի է 10 հոգով նույն տան մեջ ենք ապրում, վառարան ենք վառում տաքանալու համար: Միանգամից հսկում ենք մեր հողերին, մեր տներին, պաշտպանում ենք դրանք, մեր կարոտն ենք առնում գյուղից»:

Արամըի խոսքով՝ գյուղում իրավիճակն այս պահին հանգիստ է, լինում են կրակոցներ, սակայն, սահմանին. «Մեր ընտանիքների՝ գյուղ բերելու մասին խոսելը դեռ վաղ է, որովհետեւ դեռ անտանգ չէ նրանց համար: Կապրենք, կտեսնենք՝ ինչ իրավիճակ է եւ ըստ այդմ էլ կորոշենք»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 25-ից թալիշցիները սկսել են բնակվել Մարտակերտի շրջանի Ալաշան ավանում, այս պահին այնտեղ է բնակվում շուրջ 28 թալիշցի ընտանիք՝ ընդհանուր 114 բնակիչ: Երեխաների համար Ալաշանում բացվել է նաեւ դպրոց, որտեղ սովորում է 23 աշակերտ:

 

Նյութի աղբյուրը ` news.am

Comments

comments