Ես դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ին անդամագրվելու համար: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա նշեց, որ իր համար ընդունելի է կուսակցության պահպանողական լինելը, և ՀՀԿ-ում կան մարդիկ, որոնք իր համար ընդունելի են և նրանց հետ տեսնում է երկիրը փոփոխության տանելու ուղին:

Այնուհետ Կարեն Կարապետյանը մի քանի կետերով հիմնավորեց, թե ինչու է որոշել անդամակցել ՀՀԿ-ին:

«Առաջին՝ վարչապետի պաշտոնին ինձ հրավիրել է ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրորդ՝ յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, և մեր կառավարությունը եղել է առաջին հերթին ՀՀԿ կառավարությունը:

Երրորդ, եթե նույնիսկ հաշվի չառնենք առաջին երկու կետերը, ոմանց մոտ կարող է լինել տեսական հարցադրում՝ ինչո՞ւ չենք հիմնադրում մեկ այլ կուսակցություն, որը կլիներ մեզ համար քաղաքական հենարան: Ուղղակի դա արդարացված չէր լինի՝ ունենալով Արցախի հիմնահարց և երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ, մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր անկայուն գործընթացներից ու զարգացումներից:

Չորրորդ՝ ո՞ր կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան, ըստ իս՝ ՀՀԿ-ն, քանի որ ինձ հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը, և այնտեղ ինձ համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան: Չափազանց կարևոր է, որ վարչապետի պաշտոնին հրավիրվելու պահին և դրանից հետո իմ առաջ դրված հիմնական խնդիրը եղել է հետևյալը՝ անհրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական քաղաքական կյանքում, առավել ևս՝ պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ փոփոխությունները պետք է սկսենք մեզնից: Այս հարցը ՀՀԿ-ում շատ հստակ է դրված, խոսակցությունները ներսում շատ բաց են ու անկեղծ, իսկ ինքնաքննադատությունը շատ դեպքերում ավելի սուր է, քան պատկերացնում են դրսից:

Հինգերորդ՝ վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ ես դարձա մասնակիցը փոփոխությունների գործընթացի՝ վերցնելով պատասխանատվության իմ բաժին բեռը: Հաշվի առնելով այս ամենը՝ ես որոշում եմ կայացրել անդամակցել ՀՀԿ-ին:

Վեցերորդ՝ այս նոր իրավիճակում իմ ընկերների, համախոհներից շատերը ևս ցանկանում են միանալ այս գործընթացին՝ նոր շունչ հաղորդելով այս շարժմանը: Պարտադի՞ր է, որ ակուսակցական գործընկերներս, նախարարները դառնան ՀՀԿ-ական, որևէ պարտադրանք չկա, դա յուրաքանչյուրի գիտակցական և գաղափարական որոշման հարցն է:

Յոթերորդ՝ ինչպես մյուս կուսակցությունները, ՀՀԿ-ն ևս օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներից ելնելով ոչ միշտ է եղել արդյունավետ, բայց ըստ իս՝ ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը գիտակցելով երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը՝ որոշում է կայացրել փոխել իր մեջ այդ ներուժը»,- ՀՀԿ-ին անդամակցելու պատճառների մասին ներկայացրեց Կարեն Կարապետյանը:

 

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Comments

comments