Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի օրերին Գյումրու մի քանի հեռուստաընկերություններով ցուցադրվեց ԱԺ պատգամավոր, «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորող Հովհաննես Մարգարյանի մասին տեսանյութ, որտեղ ներկայացվում են պատգամավորի անցյալից դրվագներ, երբ նա Գյումրու հրուշակեղենի գործարանի ղեկավար էր եւ այդ ընթացքում ձերբակալվել է կաթի փոշու գողության կասկածանքով: Տեսանյութի հեղինակը լրագրող Հասմիկ Մելքոնյանն է, ում համար սակայն զարմանալի է, թե ինչպես է իր հեղինակային տեսանյութը հայտնվել «Գյումրեցու ոգի» կուսակցության ձեռքը, որը հրապարակել են: Հասմիկ Մելքոնյանը պատրաստվում է դիմել դատարան` հարցը վիճարկելու այնտեղ: Գյումրու Ասպարեզ ակումբում լրագրող Հասմիկ Մելքոնյանի կողմից հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսվեց ոչ միայն տեսաերիզի, քաղաքապետ Սամվել Բալասանյանի, այլև լրագրողի կողմից իրականացվելիք նոր ստորագրահավաքի մասին, որը ուղարկվելու է Չինաստանի Սիան քաղաքի քաղաքապետին` խնդրելով զրկել Գյումրու քաղաքապետին Սիանի պատվավոր քաղաքացու կոչումից: Լրագրողի խոսքերով` Սամվել Բալասանյանը Չինաստանում իր անձնական բիզնեսը զարգացնելու համար օգտագործում է քաղաքապետարանի կնիքը: Անդրադառնալով տեսանյութի շուրջ ստեղծված աղմուկին՝ հեղինակը ասաց. «Տեսանյութը ստեղծվել է 21 տարի առաջ, եւ այդ նյութի հիման վրա քրեական գործ հարուցվեց, պատժվեցին շատերը: Այն տարիներին, երբ երկիրը պատերազմական իրավիճակում էր, Անուշարան հրուշակեղենի գործարանի խոշոր փայատեր Սամվել Բալասանյանը իր գործարանի համար տարբեր հ/կ-ներից ոչ միայն կաթի փոշի էր առնում, այլև շատ ուրիշ բաներ: Ափսոս, հեղինակները, ովքեր ցուցադրել են տեսանյութը` նպատակ ունենալով վարկաբեկել Հովհաննես Մարգարյանին, չգիտեն, որ տեսանյութից 3 րոպե այն կողմ երևում է Սամվել Բալասանյանը, ով երևում է, թե ինչպես է խորհուրդ տալիս Մարգարյանին մեղքը վերցնել վրան: Իմ փաստաբանները աշխատում են նյութերի վրա, եւ որպես փաստ կներկայացնեն դատարանում»,-ընդգծեց լրագրող Հասմիկ Մելքոնյանը` թվարկելով Բալասանյանի «մութ» գործերից:

Մանրամասները՝ տեսանյութում

Արևիկ Հակոբյան, Գյումրի

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Comments

comments