Գեղասահքի համաշխարհային լեգենդ Եվգենի Պլյուշչենկոն րոպեներ առաջ ժամանեց Երեւան: Այստեղ նոյեմբերի 27-ին հայտնի գեղասահորդը կմասնակցի Kings On Ice Present-Fashion On Ice սառցե շոուին:

Պլյուշչենկոյին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին երկրպագուներն ու լրագրողները:

NEWS.am STYLE-ը եւս դիմավորեց լեգենդար գեղասահորդին` նվիրելով հայկական գինի: Ճշտեցինք նաեւ նրա որպիսությունն ու Երեւանում կայանալիք շոուի մանրամասները. «Շատ լավ տրամադրություն ունեմ, իսկապես շատ ուրախ եմ, որ կրկին այստեղ եմ եւ ելույթ եմ ունենալու ձեզ համար»,-պատասխանեց նա՝ հավելելով, որ ժամանակն այնքան արագ է սահել իր համար, որ չի էլ նկատել, որ արդեն մոտ մեկ տարի է անցել այստեղ կայացած իր նախորդ շոուից. «Ինչպես ասում էր իմ մարզիչը՝ մեր կյանքն անցնում է, իսկ մենք դա չենք նկատում։ Ասես, այտեղից մեկնած էլ չլինեի։

Այս շրջանում զբաղված էի նաեւ մարզչի աշխատանքով, նոր նախագծերով, ընտանիքով ու չնկատեցի, թե ինչպես անցավ ժամանակը։ Ուրախ եմ տեղեկացնել, որ այս տարի շատ անակնկալներ է սպասվում հայ հանդիսատեսին։ Այնպես որ՝ սիրով հրավիրում եմ բոլորիդ ներկա գտնվելու այս միջոցառմանը»։

Տեղեկացնենք, որ Kings On Ice Present-Fashion On Ice սառցե շոուին բացի Պլյուշչենկոյից՝ կմասնակցեն նաեւ Ադելինա Մոդնիկովան, Ֆլորան Ամոդիոն, Նիկիտա Միխաիլովը, Մարիամ Մերաբովան, Իվետա Մուկուչյանը, Ալյոնա Վասիլեւան, Քսենոնան, Սոնան, Էդգար Հակոբյանը եւ այլք:

Բացի համերգային եւ պարային շոուից՝ կկայանա նաեւ նորաձւության ցուցադրություն՝ հայտնի մոդելների եւ դիզայներների մասնակցությամբ։

Սյունե Առաքելյան

Պարույր Սինիավսկի

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

 

Նյութի աղբյուրը ` news.am

Comments

comments