Aysor.am-ը շարունակում է «Ստորգետնյա պատմություններ» նախագիծը, որի ընթացքում ձեզ ենք ներկայացնում 35-ամյա Երևանի մետրոպոլիտենի գաղտնիքներն ու այն սպասարկող անձնակազմը:

«Հարգելի ուղևորներ, շարժասանդուղքից օգտվելիս եղեք ուշադիր: Կանգնեք աջ կողմում` դեմքով դեպի շարժման ուղղությունը: Բռնեք բազրեփոկից: Երեխաներին պահեք՝ ձեռքը բռնած կամ գրկած:   Թույլ չտա′ք  նրանց հենվել շարժասանդուղքի կողապատերին»:

Արդեն հինգ տարի այս բառերով է սկսվում ու ավարտվում Անի Նահապետյանի աշխատանքային օրը:

Անին աշխատում է Երևանի մետրոպոլիտենում` որպես շարժասանդուղքի հերթապահ:


Անի Նահապետյան

Այլ կերպ ասած` Անին ու իր գործընկերներն աշխատում են շարժասանդուղքի մոտ տեղադրված փոքրիկ խցիկներում, հետևում են շարժասանդուղքով ուղևորների անվտանգ տեղաշարժին ու մեզ ավելի շատ հայտնի են իրենց ձայնով:

«Մետրոյի հետ կապված եմ մանկուց, հայրս 1991թ.-ից մինչ այսօր աշխատում է որպես մեքենավար»,- պատմում է Անին ու հիշում, որ փոքր տարիքում պարտադիր մասնակցում էր մետրոյում տեղի ունեցող բոլոր միջոցառումներին:

«Մեծ սիրով կաշխատեի նաև որպես մեքենավար, բայց, ցավոք, կանոնադրությամբ Երևանի Մետրոպոլիտենում աղջիկ մեքենավարներ դեռևս չկան: Երևի կանանց այդ պատասխանատու գործը չեն վստահում», – կատակում է Անին:

Նրա խոսքով` շարժասանդուղքի հերթապահները հիմնականում ունենում են իրենց «հարազատ» կայարանը, ինքն, օրինակ, ուղևորներին դիմավորում ու ճանապարհում է «Բարեկամություն» կայարանում:

«Արդեն ամեն բան հարազատ է դարձել այստեղ: Շատ են լինում նաև հետաքրքիր դեպքեր, հատկապես` գիշերային հերթափոխերի ընթացքում: Մեր հերթափոխերը բաժանված են մեքենավարների նման: Այսինքն ժամը 23:00-ից հետո, երբ մետրոն փակվում է, մենք մնում ենք այստեղ` գիշերը հետևում ենք կատարվող աշխատանքներին, ապա առավոտյան ժամը 7:00-ից 9-ը աշխատում ենք ևս երկու ժամ` մինչև գալիս է նոր հերթափոխը: Գիշերը մետրոյի տիրակալները մենք ենք»,- ժպտում է Անին ու շարունակում.

«Մի զվարճալի դեպք հիշեցի. մեր աղջիկներից մեկը որոշել էր, որ պիտի նիհարի: Դե գրաֆիկի պատճառով մարզումների ժամանակ չուներ: Այդպես գիշերային հերթափոխերի ժամանակ, երբ շարժասանդուղքն անջատում էինք, ինքը ժամերով վազքով բարձրանում-իջնում էր այդ աստիճաններով, ասում էր` օգնում է»:

Հարցնում եմ` բա՞րդ չէ ժամերով նստել փոքրիկ խցիկում ու անընդհատ բարձրախոսով հիշեցնել անվտանգության կանոնները, Անին պատասխանում է` բարդ է, բայց սիրում է իր աշխատանքը ու եթե նույնիսկ որոշի փոխել, միևնույն է` նոր գործ փնտրելու է մետրոպոլիտենի շրջանակներում:

«Առհասարակ մեր գործը թեթևացնում է այստեղ եղած միջավայրը: Բոլորը բոլորին օգնում են, կատակներ անում: Օրինակ` նկատած կլինեք շարժասանդուղքի մոտ փակցված հետախուզման մեջ գտնվող անձանց լուսանկարները: Մի անգամ մեզ մոտ հերթափահություն իրականացնող ոստիկաններից մեկը կատակով մի քանի ժամով այդտեղ էր փակցրել շարժասանդուղքի հերթապահ կնոջ լուսանկարը: Այդ կայարանում էլ լուսանկարների դիրքն այնպիսին էր, որ իրար կողքի` հերթապահն է նստած ու դրանք: Բոլորն անցնում էին ու զարմանքով նայում, թե այս կինը հետախուզվում է, ինչպե՞ս է այստեղ նստած:

Մի օր էլ մի գիրուկ կին` հենց այն պահին, երբ պիտի ցատկի շարժասանդուղքից, ուղիղ նստեց վերջին աստիճանին: Դե ես արագ անջատեցի, մոտեցա, որ բարձարցնեմ` ինքն էլ հո~ չի ծիծաղում: Այդպես մի քանի րոպե միասին ծիծաղեցինք, մինչև բարձրացավ ու շարունակեցինք բնականոն աշխատանքը»,- պատմում է Անին ու, այնուամենայնիվ, հորդորում բոլոր ուղևորներին` կանգնել շարժասանդուղքի աջ կողմում.

«Մեզ մոտ մարդիկ այդ կանոնը պահել չեն սիրում, բայց դա նախ կարևոր է մեզ համար, որ տեսնենք ուղևորների գիծն ու եթե մի բան պատահի, արագ արձագանքենք: Բացի այդ` ձախ մասի ազատ լինելու դեպքում շտապող ուղևորները կկարողանան անցնել»:

 

Որոշակի վազքից հետո բոլոր շարժասանդուղքներն անցնում են հիմնանորոգում

Շարժասանդուղքների սպասարկմամբ, անվտանգությամբ ու նորոգմամբ զբաղվում է Երևանի մետրոպոլիտենի էլեկտրամեխանիկական մասնաճյուղը:

«Շարժասանդուղքը համարվում է արտադրական վտանգավոր օբյեկտ: ՀՀ-ում այս տեսակի օբյեկտների շահագործումը կանոնակարգված է օրենքով: Սա, կարելի է ասել, մեր սեղանի գիրքն է»,- ասում է մասնաճյուղի պետ Սամվել Մնացականյանն ու ցույց տալիս օրենքը:


Սամվել Մնացականյան

Նա մետրոյում է 1984թ.-ից ու չի հիշում որևէ արտակարգ դեպք, երբ շարժասանդուղքի պատճառով քաղաքացիները լուրջ վնասվածքներ ստանային:

«Շարժասանդուղքը համարվում է էլեկտրական տրանսպորտ: Երևանի մետրոպոլիտենում օգտագործվող շարժասանդուղքները ռուսական են` արտադրված Սանկտ Պետերբուրգում: Մետրոպոլիտենի շարժասանդուղքները տարբերվում են հասարակական այլ վայրերում տեղադրվածներից, դրանք համարվում են «ծանր» ու նախատեսված են ժամում միջինում 13 հազար մարդ տեղափոխելու համար: Շարժասանդուղքն ընդհանրապես ունի իր վազքի չափը ու որոշակի վազքից հետո այն անցնում է հիմնանորոգման փուլ: Պետք է հիշենք նաև, որ եթե գնացքներն օրական տեղափոխում են, օրինակ, 80 հազար մարդ, ապա շարժասանդուղքները` 160 հազար, քանի որ մարդը իջնում և բարձրանում է դրանով»,- բացատրում է Սամվել Մնացականյանն ու մեզ ուղեկցում շարժասանդուղքի սպասարկման հատված կամ ուղևորների աչքի համար անտեսանելի` շարժասանդուղքի տակ գտնվող տարածք:


Շարժասանդուղքի տակ գտնվող հատվածը
«Մոխրոտիկի» չհաջողված պատմությունը

Շարժասանդուղքի տակ` հատուկ տարածքում, մեզ դիմավորում է շարժասանդուղքների հերթապահ մեքենավարն ու զեկուցում, որ իր հերթապահությունն ընթանում է բնականոն` արտակարգ դեպքեր չեն արձանագրվել:

Շարժասանդուղքների անվտանգության վրա, հիմնանորոգումներից բացի, աշխատում են ամեն օր` կատարում են յուղման աշխատանքներ, դիտարկում են արտաքին տեսքը, ստուգում ավտոմատ արգելակման համակարգերը:

Մարդկային գործոնից բացի` անվտանգության հարցը կրկնակի ապահովված է նաև տեխնիկապես: Հատուկ համակարգն արձանագրում է շարժասանդուղքի արագությունն ու եթե այն սկսում է գերազանցել նորման, տեղի է ունենում ավտոմատ արգելակում:

Աշխատակիցների խոսքով` Երևանի մետրոպոլիտենում կիրառվում է երկու արագություն ունեցող շարժասանդուղք: Որոշ կայարաններում դրա արագությունը 0,94 մ/ վրկ է, մյուսներում` 0, 74 մ/ վրկ:

Մեր այցելության պահին էլեկտրափականագործ Հայկ Դարբինյանը կատարում է շարժասանդուղքի յուղման աշխատանքներ:

«24 տարեկան եմ, մասնագիտությամբ` հանքերի նախագծող: Մետրոյում հայտնվեցի, քանի որ շատ եմ սիրում տեխնիկայի հետ աշխատանքը: Այստեղ ամեն օր մի բան սարքում ենք, հետևում ենք, յուղում ենք, ձգում ենք»,- բացատրում է Հայկը:


Հայկ Դարբինյան

«Ընդհանրապես, դուք իջնելիս երևի զգացիք` ոնց որ ուրիշ աշխարհ լինի ստեղ: Օրինակ` ինձ համար ամենահետաքրքիրը մետրոյում ամեն ինչի չափսերն էին: Մինչև այստեղ գալը չէի պատկերացնում, մտածում էի՝ փոքր մի բան կլինի: Ու նաև շատ հաճելի է ապահովության զգացումը, երբ, օրինակ, դու, հարազատներդ օգտվում եք մետրոյից, իջնում շարժասանդուղքով ու վստահ ես, որ ամեն բան ապահով է, որովհետև դու ու ընկերներդ եք դա արել»,- ասում է Հայկը:

Ամենահետաքրքիր դեպքը, որ պատահել է իր հետ աշխատանքի ընթացքում, երեք շաբաթ առաջ էր: «Մոխրոտի չհաջողված պատմություն»` այսպես է անվանում այն Հայկը:

«Վերևից զեկուցեցին, որ մի աղջկա կոշիկի կրունկ է մնացել շարժասանդուղքի մեջ: Ես ու հերթապահ մեքենավարն արագ վերև բարձրացանք: Աղջիկը պատահածը նկատել էր միայն իջնելիս ու ստիպված հանել էր կոշիկն, ինքը ցատկել շարժասանդուղքից: Դե զգուշությամբ հանեցինք ու կոշիկը վերադարձրեցինք տիրուհուն: Շնորհակալություն հայտնեց ու գնաց»,- ասում է Հայկն ու ժպտալով ավելացնում.

«Ափսոս` Մոխրոտիկի նման ռոմանտիկ պատմություն չդարձավ»:

Նախագիծն իրականացվում է Երևանի մետրոպոլիտենի աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ:

 

Նյութի աղբյուրը ` aysor.am

Comments

comments