Օրացուցային և ուսումնական տարին որքան մոտենում է ավարտին, այնքան հանրակրթական շատ հաստատություններում խորանում են անորոշությունն ու անհանգստությունը:
Ինչպես հայտնի է, դպրոցներում անցկացվող քննությունների ընթացակարգում կատարվել են մի շարք փոփոխություններ: Ու եթե ի սկզբանե կրթության և գիտության նորանշանակ նախարարի հայտարարած ու խոստացած վերանայումները դրական արձագանք գտան, այժմ արդեն շատ հաստատություններում խառնաշփոթ է ստեղծվել. թե՛ դպրոցների աշխատակազմերը, թե՛ աշակերտներն ու նրանց ծնողները երբեմն մինչև վերջ չեն պատկերացնում, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ նորամուծությունները և գործնականում ինչպես պետք է կիրառվեն:
ՀՀ կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը երեկ մեր զրույցում մանրամասներ ներկայացրեց 2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ:
Ըստ այդմ, ընթացիկ կիսամյակի ավարտին, ինչպես նախկինում, 4-րդ և 9-րդ դասարանն ավարտող երեխաների գիտելիքների ստուգում չի լինի, բայց արդեն հաջորդ կիսամյակի ու միևնույն ժամանակ ուսումնական տարվա ավարտին նրանց քննությունների բնույթը որոշ չափով կլինի այլ:
4-րդ դասարանցիները «Մայրենի» առարկայից թելադրություն կգրեն` ի տարբերություն նախորդ տարվա թեստային առաջադրանքների: «Մաթեմատիկայի» քննությունը փոփոխություն չի կրի, և գիտելիքների ստուգումը կանցկացվի գրավոր տարբերակով` թեստային առաջադրանքների տեսքով:
9-րդ դասարանի դեպքում, պարզվում է, երեկվա դրությամբ դեռ փոփոխություններ էին տեղի ունենում: Ուսուցիչներն ու աշակերտները ավելի վաղ պաշտոնապես տեղեկացվել են, որ բնագիտական առարկաներից քննությունը լինելու է համակցված թեստի ձևով: Այսինքն` եթե նախկինում սովորողներն ընտրություն էին կատարում «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաների միջև և գրավոր քննություն հանձնում դրանցից որևէ մեկից, ապա այս տարի նախատեսված էր, որ քննական թեստում առաջադրանքները լինելու են բոլոր չորս այդ առարկաների վերաբերյալ:
Ու մինչ աշակերտները փորձում են հասկանալ, թե ինչպես կարող են նախապատրաստվել այդ քննությանը, առաջադրանքների թեկուզ մոտավոր ինչ շրջանակ կա կամ ինչ հարցաշար, գնահատման և թեստավորման կենտրոնում էլ համապատասխան առարկայական բաժինն աշխատում է թեստերի մշակման և ուղեցույցների համադրելիության ուղղությամբ՝ կրթության և գիտության նախարարությունում որոշել են նշված փոփոխությունը հետաձգել:
Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը մեր զրույցում ասաց, որ ընդառաջ են գնացել մանկավարժներից ու սովորողներից ստացված դիմումներին, որոնք նշել են, թե այդ կարգով քննությանը նախապատրաստվել չեն հասցնում` խնդրելով տրամադրել ավելի երկար ժամանակ: Հետեւաբար, համակցված թեստերը կիրառության մեջ մտնեն 2017-2018 ուսումնական տարում: Տիկին Հովհաննիսյանն ասաց, որ գնահատման եւ թեստավորման կենտրոնը նույնպես քիչ առաջ տեղեկացվել է փոփոխությունը չեղյալ հայտարարելու մասին:
Ինչ վերաբերում է 9-րդ դասարանում անցկացվելիք մյուս 5 առարկաների քննությանը, ապա «մաթեմատիկայի» դեպքում գրավոր քննության տարբերակը կպահպանվի: «Հայոց լեզու և գրականություն» առարկայի թեստերի փոխարեն ավարտական այդ դասարանի աշակերտները կհանձնեն փոխադրություն ու նաեւ «գրականություն»` բանավոր: «Պատմություն» և «Օտար լեզու»առարկաների քննությունը նույնպես բանավոր տարբերակով կլինի: Իսկ թե հատկապես ո՞ր լեզուն կլինի քննական, դարձյալ թողնված է աշակերտի ընտրությանը:
12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների թիվը, ինչպես նախկինում ևս նշել ենք, 6-ի փոխարեն դարձել է 3-ը` «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայոց պատմություն» և «Մաթեմատիկա»: Ընդ որում, եթե դրանք չեն համընկնում միասնական քննությունների հետ, այսինքն` այդ առարկաները հանձնելու անհրաժեշտություն չի լինելու բուհ ընդունվելու համար, ապա 12-րդ դասարանցին իրավունք ունի տվյալ առարկայից քննություն հանձնել հունվարին, իսկ արդեն հաջորդ կիսամյակի համար ընտրել առնվազն երեք առարկա և դրանք կրկնել առավել շատ դասաժամով: 12-րդ դասարանում նշված երեք պարտադիր քննություններն անցկացվելու են գրավոր: Մյուսներից կնշանակվեն տարեկան գնահատականներ` մատյանի տվյալների ամփոփումով:
Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 1-ը գրավոր պետք է դիմեն դպրոցի տնօրենին, վերջինս էլ այդ տվյալները մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ պետք է փոխանցի գնահատման և թեստավորման կենտրոն: Հունիս ամսին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու դիմում-հայտերը հաստատության տնօրենը կենտրոն է փոխանցելու փետրվարի 1-ից մինչև մարտի 15-ը ներառյալ:
12-րդ դասարաններում, եթե աշակերտները որոշեն քննություններ հանձնել նախօրոք, դրանք կանցկացվեն հունվարի 14-28-ը: Տարեվերջյան քննությունները կանցկացվեն հունիսի 1-24-ը` բոլոր ավարտական դասարաններում: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե  Հովհաննիսյանն ասաց, որ ըստ առարկաների քննական օրերը դեռեւս որոշված չեն: Դա հայտնի կլինի դեկտեմբերին:
Նյութի աղբյուրը ` yerevanlife.info

Comments

comments