Եվրախորհրդարանը չի ղեկավարում Թուրքիան, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ մեկնաբանելով Եվրախորհրդարանի որոշումը, որը նախօրեին հավանության էր արժանացրել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները սառեցնելու մասին բանաձևը: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:

«Եվրախորհրդարա՛ն, տեղդ իմացի՛ր: Այս երկիրը ղեկավարում է ոչ թե Եվրախորհրդարանը, այլ կառավարությունը: Եթե անհրաժեշտ լինի, մենք կերկարաձգենք արտակարգ դրության ռեժիմը: Այդ հարցը Թուրքիայի կառավարության և խորհրդարանի, այլ ոչ թե Եվրախորհրդարանի իրավասության ներքո է»,- ասել Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլի միտինգի ժամանակ:

Թուրքիայի նախագահի խոսքով՝ վերջին 3 տարում Թուրքիան բախվել է մարտահրավերների, իսկ պայքարը, որը ներկայումս վարում է երկիրը, կարելի է բնութագրել որպես անկախության համար մղվող պատերազմի նոր փուլ:

Էրդողանի խոսքով՝ պայքարը միաժամանակ ընթանում է մի քանի ճակատում՝ ռազմական, քաղաքական, դիվանագիտական, տնտեսական ու սոցիալական ոլորտներում:

Նա հիշեցրել է, որ հեղաշրջման փորձի ժամանակ հուլիսի 16-ի գիշերը սպանվել է Թուրքիայի 248 քաղաքացի, ևս 2193-ը վիրավորվել է:

«Միայն Բոսֆորի կամրջի վրա սպանվել է 36 քաղաքացի: Հեղաշրջման մասնակիցները հարվածներ են հասցրել խորհրդարանի շենքին ու հատուկ նշանակության ջոկատի դպրոցին: Այդ ամենի ֆոնին Արևմուտքը չի ամաչում քննադատել Թուրքիային: Արևմուտքի ոչ մի սպառնալիք չի կարող կոտրել Թուրքիայի իշխանությունների կամքը: Նրանք, որոնք մտածում են, թե կարող են վախեցնել Թուրքիային եվրախորհրդարանականների որոշումներով, խորապես սխալվում են: Թուրքիան ու թուրք ժողովուրդը հետքայլ չեն անի»,- հայտարարել է Էրդողանը:

Էրդողանը նշել է, որ որոշումներ կայացնելիս Թուրքիայի իշխանությունները հիմնվում են ժողովրդի կարծիքի վրա, այլ ոչ թե արտասահմանի խորհուրդների:

«Քաղաքացիները կոչ են անում վերականգնել մահապատիժը: Եթե խորհրդարանը հաստատի նման որոշումը, ապա ես կաջակցեմ այդ քայլին: Պահանջել Թուրքիայից, որը գրեթե ամեն օր բախվում է ահաբեկչությունների, չվարել պայքար ահաբեկչական կառույցների դեմ, հավասար է երկիրը ահաբեկիչների ողորմածությանը հանձնելուն: Դիմում եմ Եվրախորհրդարանին: Դուք աջակցում եք ահաբեկիչներին»,- հայտարարել է Էրդողանը:

Եվրախորհրդարանը Ստրասբուրգում կայացած լիագումար նիստի ժամանակ վավերացրել էր բանաձևը, որը կոչ է անում Եվրամիությանը կասեցնել դաշինքին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները թուրքական իշխանությունների գործողությունների համատեքստում։

 

Նյութի աղբյուրը ` tesaket.info

Comments

comments