Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մի շարք ընդդիմադիր ուժեր սկսել են միավորվել, մինչդեռ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կարծում, որ նրանք կարող են հաջողության հասնել ընտրություններում։

«Ո՞վ է ընդդիմությունը։ Մի հատ նայեք», — լրագրողների հետ զրույցում նշեց նա։

Է. Շարմազանովի խոսքով՝ իշխանությունը ուրախ կլինի, եթե ԲՀԿ, ՕԵԿ, ՀԱԿ, Ժառանգություն և բոլոր կուսակցությունները, որոնք կան խորհրդարանում միավորվեն, մինչդեռ ընդգծեց, որ դա անհնար է։

«Անհնար է, որովհետև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների առանցքային հարցերից մեկը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականությունը, և այդ քաղաքական կուսակցությունները պետք է հստակեցնեն։ Չի լինում մինչև ժամը 6-12-ը ՀԱՊԿ-ի կողմնակից, 12-2-ը՝ ԵՏՄ-ի, 2-6-ն էլ չկողմնորոշված։ Ես, որպես քաղաքացի Շարմազանով, եթե գնամ ընտրության, ես պետք է հասկանամ, թե ում եմ ձայն տալիս, մի ուժի, որ ուզում է Հայաստանը գնա ՆԱՏՕ, ԵՄ, թե մի ուժի, որը կարծում է, որ Հայաստանը պիտի գնա ՀԱՊԿ, այնտեղ իր հարաբերությունները խորացնի», — ասաց Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, միավորվելու դեպքում կուսակցությունները պետք է մեկ միասնական գաղափարախոսություն կիսեն և հավելեց, որ արհեստական միավորումներն անգրագիտություն են։ Նրա խոսքով՝ եթե անգամ կուսակցությունները միավորվեն դա ընդամենը կլինի կարճատև նախընտրական կոմբինացիա. «Ընդդիմությունը դեռ ինքն էլ չգիտի՝ ինչ է անելու և ինչ ֆորմատով է գնալու ընտրությունների», — ասաց նա։

Դիտարկմանը, թե արդյոք Հանրապետականն իրեն մրցակից չի տեսնում, Է. Շարմազանովը պատասխանեց.

«Բոլորը մեզ մրցակից են։ Քաղաքականության մեջ, ինչպես քրիստոնեության մեջ գոռոզությունը քո տունը կքանդի։ Դու պիտի հաշվի առնես բոլոր քաղաքական ուժերը։ Հարգանքով պիտի լինես։ Քո սեփական ուժերի գերագնահատումը քեզ կտանի դեպի ֆիասկո։ Դրա համար մենք հարգանքով ենք վերաբերվում բոլոր քաղաքական ուժերին։ Մենք այնպես չէ, որ մտածում ենք՝ ժողովրդի ուշքը մեզ համար գնում է։ Գիտենք, որ կան բազում խնդիրներ և ակնկալում ենք ազատ, թափանցիկ, ժողովրդավարական մրցապայքար, բայց այսօր տեսնո՞ւմ եմ ես մեկ ընդդիմադիր ուժ, որը կարող է հաջողության հասնել՝ չեմ տեսնում, Հնարավո՞ր է՝ ապրլի 2-ից հետո կտեսնենք։ Կյանքում ամեն ինչ հնարավոր է», — ասաց նա։

Նյութի աղբյուրը ՝ aysor.am

Comments

comments