Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը որդեգրել է նախարարությունն «առողջացնելու» քաղաքականություն, ինչպես արտահայտվել էր իր վերջին հարցազրույցներից մեկում։ Նախարարության բոլոր վարչություններում նախատեսվում են կառուցվածքային փոփոխություններ, նաեւ՝ կրճատումներ։ Նախօրեին նախարարությունում տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ Ամիրյանը նշել է, որ անհրաժեշտ է աուդիտ իրականացնել նախարարության բոլոր ՊՈԱԿ-ներում, իսկ առավել խոշորներում՝ միջազգային աուդիտ նրանց արտաբյուջետային միջոցների հաշվին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր հենց նախարարությունն ու դրանով սահմանափակվել, բայց արի ու տես, որ կրճատումների թեման խորհրդակցության ժամանակ շարունակություն է ունեցել, եւ Ամիրյանը հայտարարել է, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Վլադիմիր Պողոսյանն ազատված է աշխատանքից:

Վլադիմիր Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի ուզում այս պահին որեւէ պարզաբանում տալ՝ հորդորելով մի փոքր սպասել։ Ինչի՞ն է սպասում՝ նախարարի գրավոր հրամանի՞ն։ Նա հրաժարվեց որեւէ բան ասել։

Մշակույթի նախարարությունից պատասխանեցին, որ ազատման հրամանը չի ստորագրվել, քանի որ հայտնի է դարձել, որ Վլադիմիր Պողոսյանը դիմել է հիվանդանոց՝ բուժվելու։ Թե ինչու է աշխատանքից ազատման հարց բարձրացվել, պատճառը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում անցկացված աուդիտն է, որի արդյունքում ի հայտ են եկել մի շարք ֆինանսական խախտումներ, ըստ այդմ նախարարությունը քննարկել է Վլադիմիր Պողոսյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը եւ ոչ թե որոշում կայացրել ազատման մասին։ Այս պահի դրությամբ ավելին հնարավոր չեղավ պարզել թե նախարարությունից եւ թե Վլադիմիր Պողոսյանից, ակնհայտ է, որ կան որոշակի խմորումներ, բայց դեռ չկա վերջնական որոշում։

 

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Comments

comments