Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունները դեկտեմբերի 6-ին, գիշերը  Մեղրիի մաքսակետում կանխել են առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 1 կիլոգրամ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի ներկրումը երկիր:

Հիշեցնենք, որ 2014 թ. հունվարի 17-ին Մեղրիի մաքսատանը Իրանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան  ուղևորվող բեռնատարի զննման արդյունքում պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցները,  հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերել էին 927 կգ  հերոին տեսակի թմրամիջոց: Վարորդը եղել էր  Վրաստանի քաղաքացի  Ավթանդիլ Մարտիաշվիլին, ով դատավարության ժամանակ  իրեն մեղավոր չէր ճանաչել և պնդում էր, թե կապ չի ունեցել թմրանյութի հետ:

Հաջորդիվ մեզ այդպես էլ հայտնի չդարձավ, թե ինչ եղավ մոտ մեկ տոննա հերոինը: ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը թմրանյութի հաճախակի ներկրման դեպքերի ու Հայաստանում տիրող  իրավիճակի համադրությունից  լուրջ կասկածներ ունի, որ  Հայաստանը թմրադիլլերների համար ոչ թե տրանզիտ երկիր է հանդիսանում, այլ սպառող: Նա ուշադրություն է հրավիրում գիշերային ակումբներում եւ այլուր դանակահարությունների, փոխհրաձգությունների վերջին դեպքերին ու ընդգծում, որ որպես կանոն դրանք տեղի են ունենում թմրանյութի ազդեցության ներքո: Հիշեցնում է՝ հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության հիմնական կասկածյալները եւս ըստ փորձաքննության՝ թմրանյութի ազդեցության տակ են գործել:

<<Եթե մենք այսօր իմանայինք, թե ուր մնաց այն մեկ տոննա հերոինը, ապա կասկածներ չէինք ունենա. մեկ  գժոտ  թուրքի ու կոշիկները ծակ, ցնցոտիավոր վրացու դատի տվեցինք եւ մեկ տոննան շատ գեղեցիկ թաղեցին մարդկության համար անհայտ հասցեներում, վերացրեցինք-  գնաց: Մինչդեռ եթե պարզեինք, թե իրականում ինչ հասցեների համար էր այդ մեկ տոննան,որովհետեւ հասկանալի էր, որ դատված  մարդկանց խելքի բան չէր, ապա մեզ համար պարզ կլիներ, թե այդ մեթամֆեթամինը ինչու էին բերել եւ ում համար էր այն, եւ արդյոք սա միակ դեպքն է>>:

Գուգեն Եղիազարյանի գնահատմամբ  գործ ունենք լրջագույն խնդրի հետ, քանի որ հարյուրավոր երիտասարդներ կարող են թմրամոլներ դառնալ, խեղել սեփական ճակատագիրը, այդկերպ վտանգի տակ բերելով մեր ազգային անվտանգության հարցը:

Գուրգեն Եղիազարյանն այս վտանգավոր գործընթացը կանխելու ճանապարհներ է մատնանշում.<<Հարկավոր է անհապաղ Իրանի հատուկ ծառայությունների հետ համատեղ միջոցառումներ կազմակերպել՝ հայ-իրանական սահմանը նարկոբարոններից ազատելու համար, երկրորդը՝ պետք է հետամուտ լինել ու պարզել, թե 1 կգ-ի հասցեատերն ով էր, եթե այս անգամ էլ չպազվի իրական հասցեատերը, ապա սպասեք հետագա ներկրումներին, որը մեր փոքրիկ երկրի համար մահացու վտանգ է>>:

Գուրգեն Եղիազարյանի դիտարկմամբ որպես կանոն նարկոբիզնեսը ազդեցիկների ձեռքում է, նա չի կասկածում, որ այս հարցում <<լրջագույն որջ>> է այստեղ գործում, բայց << փոքրիկ ու փխրուն>> Հայաստանի   դեպքում  պետք է գիտակցել, որ  հետեւանքները  կործանարար են լինելու, ուստի կոչ է անում անհապաղ  քայլեր ձեռնարկել՝ բացահայտելու ներկրված թմրանյութի իրական հասցեատիրոջը.<<Սա ուղիղ հարված է ազգային անվտանգությանը,  ինչպես քաջարի զինվորն է մահացու հարված ստանում սահմանը պաշտպանելիս, այնպես էլ մեր պատանիներն են նույն հարվածը ստանում թմրանյութ օգտագործելիս>: Եղիազարյանի համեմատությամբ, տարբերություն չկա երկիրը գրավել զենքով, թե  ոչնչացնել թմրանյութով: Մենք վտանգված ենք ազգովի>>:

 

Նյութի աղբյուրը ` hayeli.am

Comments

comments