Այս տարվա ձմեռը բավական ցրտաշունչ է: Տարբեր վերլուծությունների համաձայն՝ ձմռան սկզբից ի վեր եղան օրեր, երբ օդի սառնությունն առավելագույնն էր՝ վերջին մի քանի տասնամյակում: Եղանակային ցուրտ պայմաններն իրենց անմիջական ազդեցությունն են ունենում մեր կենսակերպի, ինչպես նաև առողջության վրա: Երբ ջերմաչափը ցույց է տալիս 0-ից ցածր ջերմաստիճան, արձանագրվում են հիպեթերմիայի, իսկ առավել բարդ դեպքերում՝ ցրտահարության դեպքեր: Առողջապահության նախարարությունից մանրամասնում են՝ հիպոթերմիան մարմնի ընդհանուր սառեցումն է, որը զարգանում է ցածր ջերմաստիճանի տևական ազդեցության հետևանքով։ Ավելի հաճախ մարմնի ընդհանուր սառեցում տեղի է ունենում սառը ջրի մեջ սուզվելու, խոնավ հագուստով սառը պայմաններում գտնվելու պատճառով։ Մարմնի ընդհանուր սառեցման ավելի հակված են տարեց մարդիկ և փոքր երեխաները, գրում է Panorama.am-ը։

Միանգամայն տարբեր հասկացություն և ֆիզիոլոգիական վիճակ է ցրտահարությունը:

Այն ցածր ջերմաստիճանի երկարատև ներգործության հետևանքով մարմնի տարբեր հատվածների վնասումն է։ Առավել հաճախ ցրտահարվում են ձեռքերի և ոտքերի մատները, քիթը, ականջախեցիները, այտերը։ Ցրտահարության հետևանքով վնասված հատվածները գունատվում են և առաջանում է զգայունության կորուստ։ Այն կարող է նույնիսկ անդամահատման պատճառ դառնալ։ Ցրտահարության ռիսկը բարձր է արյան շրջանառության խանգարումներով, ինչպես նաև եղանակային պայմաններին ոչ համահունչ հագնված անձանց շրջանում։

Ցրտահարության նշանների առկայության դեպքում անհրաժեշտ է հնարավորինս արագ բժշկի դիմել: Անմիջապես պետք է տեղափոխվել տաք սենյակ կամ տարածք, հանել թաց հագուստը, ծածկվել չոր ծածկոցով, մարմնի ցրտահարված հատվածները ընկղմել գոլ ջրի մեջ:

Միևնույն ժամանակ, մասնագետները խորհուրդ են տալիս զգոնություն ցուցաբերել և խուսափել հանրության մեջ հայտնի միջոցների ձեռնարկումից: Մասնավորապես՝ արգելվում է տաքանալու նպատակով ալկոհոլ կիրառել, քայլել, եթե ցրտահարված են ոտքերի մատները, ձյունով չշփել ցրտահարված մասերը, քանի որ այսպիսով կարող են վնասվել հյուսվածքները: Չի կարելի ջեռակ օտագործել կամ կրակի, տաքացուցչի մոտ տաքացնել վնասված հատվածները:

Նյութի աղբյուրը ՝ Panorama.am

Comments

comments