Հայաստանի տարածքն այս պահին շարունակում է գտնվել Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, որն իր հետ բերել է ջերմաստիճանի բարձրացում եւ տեղումներ:

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց, որ նախորդ օրերի հետ համեմատ օդի ջերմաստիճանը Հայաստանում արդեն բարձրացել է 10-15 աստիճանով:

«Այսօր գիշերն Արարատյան դաշտում գրանցվել է ընդամենը -6…-7 աստիճան ցուրտ՝ նախորդ օրերի -20…-22-ի փոխարեն: Հանրապետության ողջ տարածքում ձյուն է տեղացել. հատկապես առատ տեղումներ են գրանցվել Ջերմուկի հատվածում եւ Արարատյան դաշտում»,- մանրամասնեց Սուրենյանը:

Օդերեւութաբանն ընդգծեց, որ այսօր ամբողջ օրը ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի, իսկ վաղվանից սկսած ազդեցությունը կթուլանա:

«Ամպամածությունը կթուլանա եւ հիմնական տեղումները կդադարեն, բայց չի բացառվում, որ առանձին հատվածներում թույլ ձյունը շարունակվի: Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին՝  առաջիկա 5 օրերին այն էապես չի փոխվի: Ջերմաստիճանի նվազում չենք կանխատեսում, քանի որ եւ տաք օդային հոսանքները եւ ամպամածությունը պահպանվելու են»,- ասաց Գագիկ Սուրենյանը:

Նյութի աղբյուրը ` armtimes.com

Comments

comments