Արցախի խաղաղ բնակավայրերին հասցված ոչ մի հարված անպատասխան չի մնում եւ չի մնալու. Վահրամ Պողոսյան

Արցախի խաղաղ բնակավայրերին հասցված ոչ մի հարված անպատասխան չի մնում եւ չի մնալու. Վահրամ Պողոսյան

Միջազգային հանրությունը պետք է վերջ տա հումանիտար աղետի վերածված այս պատերազմը դադարեցնելուն ուղղված անատամ գործողություններին եւ կիրառի արդյունավետ միջոցներ, հակառակ դեպքում՝ տարածաշրջանում այն էլ ավելի կխորանա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է բացահայտ եւ դիտավորյալ կերպով պատերազմական հանցագործություններ իրականացնել՝ տարբեր զինատեսակներից թիրախավորելով Արցախի հիվանդանոցներն ու դպրոցները, բնակելի տներն ու հանրային նշանակության այլ օբյեկտներ՝ սպանելով կամ մարմնական վնասվածքներ պատճառելով խաղաղ բնակչությանը: Եվ աշխարհն իր հանրահայտ լրատվամիջոցների ներկայությամբ շարունակում է այս ամենը լուռ արձանագրել, լավագույն դեպքում ափսոսանք հայտնել մարդկային կորուստների համար:

Միջազգային հանրությունը պետք է վերջ տա հումանիտար աղետի վերածված այս պատերազմը դադարեցնելուն ուղղված անատամ գործողություններին եւ կիրառի արդյունավետ միջոցներ, հակառակ դեպքում՝ տարածաշրջանում այն էլ ավելի կխորանա:

Կրկին նախազգուշացնում ենք ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ մեր խաղաղ բնակավայրերին հասցված ոչ մի հարված անպատասխան չի մնում եւ չի մնալու. ուշքի եկեք…

Իսկ ադրբեջանական բնակավայրերի այն բնակչությանը, որոնց տներին մոտ են տեղակայված ռազմական օբյեկտները, եւս մեկ անգամ հորդորում ենք հեռանալ, որպեսզի ադրբեջանական իշխանությունների պատերազմական հանցագործությունների պատճառով եւ մեր պատասխան գործողությունների արդյունքում չդառնան կենդանի վահան»։