«Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը մասնակցել է Արցախյան պատերազմին, ժամանակին եղել է նաեւ 1-ին, ապա նաեւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Նա, ինչպես ինքն է ասում՝ գիտի Արցախի ամեն մի ծառն ու թուփը, ուստի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում գնացել է Արցախ, որ առաջարկի իր օգնությունը։ Սակայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մերժել է նրան, ինչպես մերժել են Յուրի Խաչատուրովին եւ մյուսներին՝ թույլ չտալով մոտենալ հրամանատարական բունկերին։ Բայց ամեն ինչ միայն մերժելով չի ավարտվել։
Հոկտեմբերի 9-ին ոստիկանության հատուկ ջոկատայինները, ինչպես գրել էինք այդ օրը, Երեւանից Արցախ մեկնելու ճանապարհին կանգնեցրել են Երանոսյանի ավտոմեքենան եւ, բառի բուն իմաստով, առեւանգել նրան՝ տանելով անհայտ ուղղությամբ։ Անցել է ավելի քան մեկ ամիս, եւ Լեւոն Երանոսյանը մեզ hraparak.am-ի հետ զրույցում բացում է փակագծերը։