Երկիրը տնտեսական կոլապսի մեջ է, իսկ կառավարությունը բառացիորեն ոչինչ չի անում. Կարլեն Խաչատրյան

Երկիրը տնտեսական կոլապսի մեջ է, իսկ կառավարությունը բառացիորեն ոչինչ չի անում. Կարլեն Խաչատրյան

Երկիրը տնտեսական կոլապսի մեջ է, համավարակով եւ պատերազմով պայմանավորված բնակչության սոցիալական խնդիրներն էլ ավելի են սրվել. Բիզնեսն ու հասարակությունը, բազմաթիվ անորոշություններով պայմանավորված, բացասական սպասումներ են ձեւավորել, ինչն էլ ավելի է խորացնում տնտեսական ճգնաժամը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ Կարլեն Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ ի՞նչ է անում Կառավարությունը։ ՈՉԻՆՉ։ Բառացիորեն ՈՉԻՆՉ։

Գաղտնիք չէ, որ երկրի ամենակարեւոր տնտեսական փաստաթուղթը բյուջեն է։ 2021 թվականի բյուջեն գրեթե ոչնչով չի տարբերվում 2020 թվականի բյուջեից։ Նույն կառուցվածքը, գրեթե նույն թվերը։ Համեմատելով 2021 թվականի պետական բյուջեի ցուցանիշները նախորդ տարվա բյուջեի հետ՝ ծախսային հոդվածներում էական փոփոխություններ չենք տեսնում։

Ամենամեծ տարբերություններն են․ մոտ 27 մլրդ դրամով ավելացվել է պետական պարտքի կառավարման ծախսը՝ պայմանավորված պարտքի բեռի մեծացմամբ, ավելի քան 17 մլրդ դրամով կրճատվել են ճանապարհային ցանցի բարելավմանն ուղղվող միջոցները, 5,8 մլրդ դրամով նվազել են ներդրումների եւ արտահանման խթանման ծրագրերի միջոցները (թեեւ անընդհատ թմբկահարվում է արտահանման խրախուսման եւ ներդրումների ներգրավման անհրաժեշտության մասին), շուրջ 8,1 մլրդ դրամով նվազել են ջրամատակարարման, ջրահեռացման եւ էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագրերին ուղղվող միջոցները, մոտ 6 մլրդ դրամով էլ նվազել են դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման հետ կապված ծախսերը։

Փոխարենը շուրջ 17 մլրդ դրամով ավելացվել են ոստիկանությանը ուղղվող միջոցները, ավելի քանի 9 մլրդ դրամով ավելացվել է վարչապետի ապարատի ծախսը, 3,8 մլրդ դրամով ավելացել են հարկային եւ մաքսային մարմիններին ուղղվող գումարները, իսկ կապիտուլացված երկրի պաշտպանությանն ուղղվող ծախսերն ավելացել են ընդամենը 3,4 մլրդ դրամով։ Բնականաբար պարգեւավճարային միջոցները, որպես անձեռնամխելի ֆոնդ, էական փոփոխության չեն ենթարկվել։

Արտացոլո՞ւմ է արդյոք 2021 թվականի պետական բյուջեն այն իրողությունները, որոնք առկա են տնտեսությունում։ Արդյո՞ք սա տնտեսական ճգնաժամը հաղթահարելու բյուջե է։ Այս բյուջեով ի զորու լինելո՞ւ ենք դիմակայել օրեցօր ահագնացող տնտեսական աղետին։ Կարծում եմ պատասխանն ա կնհայտ է։ Միանշանակ՝ ՈՉ։ Իշխող քաղաքական թիմն ունի՞ բավարար ներուժ իրավիճակը փոխելու եւ տնտեսության մեջ բեկում մտցնելու համար։ Ակնհայտ է, որ ո’չ ցանկություն ունի դա անելու, ո’չ էլ ներուժ»