Հայաստանը հետ է մնում կորոնավիրուսի դեմ պատվաստումների հարցում, ի տարբերություն Ադրբեջանի

Հայաստանը հետ է մնում կորոնավիրուսի դեմ պատվաստումների հարցում, ի տարբերություն Ադրբեջանի

Հայաստանը հետ է մնում կորոնավիրուսի դեմ պատվաստումների հարցում, ի տարբերություն Ադրբեջանի: Այս մասին հայտնում է Ditord.am-ը:

Կայքը, մասնավորապես, գրում է. «Հայաստանում կովիդի դեմ պատվաստումների հարցը բավարար ուշադրության չի արժանանում, մինչդեռ այդ թեմայում կան պարզաբանման կարիք ունեցող հարցեր։

Նախ, երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստան է բերվել բրիտանաշվեդական «ԱստրաԶենեկա» ընկերության պատվաստանյութի 24000 դեղաչափ։ Ընդ որում՝ որքան կարելի է դատել, դա ստացել ենք COVAX միջազգային նախաձեռնության շրջանակում, որի նպատակն է «արագացնել կովիդի դեմ պատվաստանյութի ստեղծումը և արդար բաշխումը աշխարհում»։

Այդ 24000-ից բացի ևս 2000 դեղաչափի (1000 մարդու համար նախատեսված 2-ական սրկսում) խմբաքանակ «Սպուտնիկ-V» ենք ստացել Ռուսաստանից։ Ու էլի խոսքը գնման մասին չէ․ ռուսները 1000 հոգու համար նախատեսված այդ խմբաքանակը նվիրել են մեզ։ Մարտի սկզբին խոսվեց ևս 7500 մարդու հաշվարկով «Սպուտնիկի» դեղաչափ գնելու մասին, սակայն որևէ թարմացում այդ հարցով դեռ չկա։ Ընդ որում միայն ռիսկի խմբում Հայաստանում կա 600 հազար քաղաքացի։

Հիմա… Փաստ է, որ Հայաստանը կորոնավիրուսից ամենատուժած երկրներից մեկն է աշխարհում։ Հարաբերական մահացությամբ Հայաստանը 34-րդն է աշխարհում, իսկ եթե հաշվենք նաև «այլ պատճառներով» մահացածներին, ապա՝ 20-րդը։ Տնտեսական վնասների մասին չենք խոսում։ Նաև չենք խոսում չհաշվառված՝ այսպես կոչված «ավելցուկային մահերի» մասին։

Ու իրավիճակը շարունակում է ծանրանալ։ Բառացիորեն երեկ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը հայտնել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում սպասվում է 7000 նոր դեպք, իսկ մահճակալային ֆոնդը սպառվում է։

Հիմա, այսպիսի ծանր կացության մեջ, թվում է, թե Հայաստանի իշխանությունները պիտի գիշերուզօր աշխատեին հնարավորինս մեծ քանակով պատվաստանյութ ձեռք բերելու և երկրում պատվաստումների առավելագույն ծածկույթ ապահովելու նպատակով։ Ու պիտի գործեին առաջանցիկ։ Մի պահ անգամ դրա հույս կար, երբ 2020թ․ հուլիսի 2-ին հայտնեցին, թե իբր բանակցում են պատվաստանյութեր մշակողների հետ, սակայն բանակցությունների արդյունքը, համենայն դեպս, մենք չենք տեսնում։

Իսկ հնարավորություններ կային։ 2020թ. օգոստոսի 11-ին Ռուսաստանում պաշտոնապես գրանցվում է «Սպուտնիկ-V»-ն։ Կարելի էր, օրինակ, հենց այն ժամանակ ակտիվացնել մեր բանակցությունները դաշնակցի հետ և ավելի մեծ խմբաքանակներ ստանալ մասամբ որպես հումանիտար օգնություն, մասամբ՝ գնելով։ Ընդ որում՝ ռուսները ցուցադրում էին այդ հարցում իրենց պատրաստակամությունն ու առաջին դեղաչափերը Հայաստանին նվիրել են դեռ 2020թ. նոյեմբերին։

Հայաստանը անտեսում է նաև, օրինակ՝ չինական SinoVAC պատվաստանյութը։ Այն ևս կարելի էր ինչպես հումանիտար համագործակցության շրջանակներում ստանալ, այնպես էլ գնել։ Հարևան Ադրբեջանն օրինակ՝ Չինաստանից գնել է 4 միլիոն դեղաչափ, որով էլ հունվարի 18-ից սկսել է պատվաստել բնակչությանը։ Մարտի 19-ի դրությամբ Ադրեջանն արդեն ներկրել էր 1.5 մլն դեղաչափ, իսկ այսօրվա դրությամբ այդ երկրում պատվաստվել է 500 հազարից ավելի մարդ։ Մեկ դեղաչափի համար Ադրբեջանը վճարել է մոտ 12.5 դոլլար։

Ընդ որում՝ Ադրբեջանը չի բավարարվում միայն SinoVAC-ով։ Նրանք արդեն պատվիրել են նաև 300 հազար դեղաչափ «Սպուտնիկ-V» և 432 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» ու, մեծ հավանականությամբ, դեռ կմեծացնեն նաև այդ պատվաստանյութերի գնումները։

Վերադառնանք մեր երկիր։ Եթե Հայաստանը թեկուզ միայն ռիսկի խմբի 600 հազար քաղաքացու համար գներ նույն չինական պատվաստանյութից, ապա դրա համար կպահանջվեր ընդամենը 7․5 միլիոն դոլլար։ Մոտ 15 միլիոն դոլլարով հնարավոր կլիներ նույն քանակի «Սպուտնիկ V» գնել ։ Սա, կրկնում եմ, չհաշված հումանիտար համագործակցության հնարավորությունը։

Չի կարելի բացառել, որ ռուսական ու չինական պատվաստանյութերի նկատմամբ այսպիսի սառը անտարբերությունը մեր իշխանություններին թելադրվում է դրսից։ Նման նախադեպ աշխարհում արդեն իսկ հայտնի է դարձել, երբ ԱՄՆ-ը ճնշումներ էր բանեցնում Բրազիլիայի նկատմամբ, որպեսզի նրանք հրաժարվեն ռուսական պատվաստանյութից։ Հայաստանի իշխանությունները Հայաստանի շահերին հակասող ճնշումներին ենթարկվելու հարուստ փորձ ունեն, այնպես որ այս վարկածը մեզ խիստ հավանական է թվում։

Այստեղ կարող են առարկել, թե ռուսական և չինական պատվաստանյութերն ավելի թանկ են։ Եվ իսկապես․ ԱստրաԶենեկայի 1 դեղաչափն օրինակ արժի 2-4 դոլլար։ Սակայն խնդիրն այն է, որ այդ ընկերությունը գերծանրաբեռնված է պատվերներով ու մամուլում էլ տեղեկություններ են շրջանառվում, որ ընկերությունը կարող է մատակարարումների գրաֆիկից զգալի հետ մնալ։ Այս պայմաններում, եթե անգամ ենթադրենք, որ Հայաստանը որոշել էր այդ պատվաստանյութն ընտրել, ուղղակի կենսական անհրաժեշտություն էր պատվիրել նաև այլ պատվաստանյութերի խմբաքանակներ՝ փրկելու համար հարյուրավոր ու հազարավոր կյանքեր, ինչպես նաև՝ փրկելու համար գահավիժող տնտեսությունը։